Այսօր Orange-ը հայտարարել է «Orange գրքի մրցանակ 2012» գրքի մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի նպատակն է նաև խթանել հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները և օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել դրանք ընթերցողների առավել լայն զանգվածներին: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև միանում է գրքի և ընթերցանության տոնին, քանի որ Երևանն այս տարի հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Orange Գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:
«Ուրախությամբ ենք հայտարարում արդեն երկրորդ Orange Գրքի մրցանակի մեկնարկը: Սա մասնագիտական գրական մրցանակ չէ և չի հավակնում դառնալ այդպիսին: Orange Գրքի մրցանակն ընթերցողի և գրքի սիրահարների մրցանակ է: Ընթերցասեր հանրությունը կկարողանա մասնակից դառնալ մրցանակակիր ստեղծագործությունների ընտրությանը առցանց քվեարակության միջոցով: Այս իրադարձությունը թույլ կտա գտնել և խրախուսել շնորհալի ու օրիգինալ գրողներին, սակայն մեր ամենակարևոր ցանկությունն է ներգրավել ընթերցողների ամենալայն շրջանակներին և նրանց մասնակից դարձնել գրքի այս մեծ տոնին»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով և կներկայացնեն նախկինում չհրատարակված գրական երկ (էլեկտրոնային հանդեսներում, բլոգերում, սոցիալական ցանցերում տեղակայված ստեղծագործությունները համարվում են չհրատարակված):
Մրցույթին կարելի է ներկայացնել գործ հետևյալ 4 ժանրերում` պատմվածք, վեպ, հեքիաթ, պոեզիա: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012թ. մինչև նոյեմբերի 15-ը հայերենով գրված ստեղծագործությունը և դրա համառոտ բովանդակությունը Word կամ PDF ֆորմատով ուղարկել [email protected] հասցեով:
Ժուրիի անդամները մինչև 2013թ. հունվարի 15-ը կընտրեն առավելագույնը երեք ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, որոնք կհրապարակվեն Orange-ի պաշտոնական էջում: Բոլոր ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Facebook սոցիալական ցանցի միջոցով: Փետրվարի 15-ի կեսօրին կգրանցվի յուրաքանչյուր ստեղծագործության ստացած ձայների քանակը` որպես առցանց քվեարկության վերջնական արդյունք:
Յուրաքանչյուր ժանրում հաղթող ստեղծագործությունը կընտրվի ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում առցանց քվեարկության արդյունքները հաշվվում են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն: Հատուկ «Ժողովրդական» մրցանակի կարժանանա նաև ընթերցողների քվեարկության արդյունքում առավելագույն թվով ձայներ հավաքած ստեղծագործությունը ` անկախ ժանրից:
«Անցյալ տարվա մեր փորձը ցույց տվեց, որ մեր երկրում մեծ թվով մարդիկ են ստեղծագործում, որոնց գործերը հաճախ մնում են գրասեղանի դարակում` տարբեր պատճառներով: Orange Գրքի մրցանակը հենց նրանց համար է: Այս տարի հատկապես ակնկալում ենք, որ շատ մասնակիցներ պիտի ունենանք ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից և Սփյուռքից, քանի որ առաջին անգամ մրցույթը բաց է նաև Սփյուռքի մեր բարեկամների համար, ովքեր ստեղծագործում են հայերեն,- ասաց «Հայ գրքի կենտրոն» հկ նախագահ Մկրտիչ Մաթևոսյանը:
Հաղթողների անունները կհրապարակվեն 2012թ. փետրվարի 20-ին, մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Մրցույթի հաղթողները կստանան վկայականներ, իսկ հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 տպաքանակով: Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ (500 000-ական դրամ), բացառությամբ «Ժողովրդական մրցանակի»:
Հիշեցնենք, որ Orange Գրքի մրցանակ 2011-ին մասնակցել է 130 ստեղծագործություն, որոնցից հաղթող են ճանաչվել 5-ը վեպ, դրամատիկական գործ/սցենար, պատմվածք, նովել և հեքիաթ ժանրերում:
Ժյուրիի անդամների ցանկը.
Վահրամ Դանիելյան, գրաքննադատ
Աննա Սարգսյան, լրագրող
Անուշ Քոչարյան, լրագրող
Անի Չիբուխչյան, բլոգեր
Սիրանուշ Դվոյան, գրաքննադատ
Արմեն Պատվականյան, խմբագիր
Սերժ Մելիք Հովսեփյան, թատրոնի ռեժիսոր
Facebook քվեներ
Ավելին իմանալու համար` www.orangearmenia.am/book-prize









































