Սիրիահայերի հարցերը պետության ուշադրության կենտրոնում են, և Սփյուռքի նախարարությունը Սիրիայի հայ համանքի հարցերով սկսել է զբաղվել դեռևս 1.5 տարի առաջ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ սիրիահայերի ներգաղթ կազմակերպելու խնդիր չկա, քանի որ նրանք պարզապես չեն ցանկանում գալ Հայաստան: «Հայաստանում հաստատվելու մեծ ցանկություն առայժմ մեր հայրենակիցները չունեն: Եթե լրագրողն ուզում է, որ մենք ներգաղթ կազմակերպենք, ներգաղթ կազմակերպելու համար համապատասխան մարդ է պետք: Եթե չկան, ո՞ւմ բերենք»,- հարցադրում արեց Հրանուշ Հակոբյանը:
Այն հարցին, թե ինչո՞ւ նախարարությունը երկար ժամանակ չէր արձագանքում խնդիրների բարձրացմանը և չէր խոսում սիրիահայերի մասին, Հրանուշ Հակոբյանը նման պատասխան տվեց. «Մենք չէիք ուզում այնպիսի հայտարարություններ անել, որոնք կարող էին ընկալվել այնպես, թե Հայաստանը խառնվում է Սիրիայի ներքին խնդիրներին: Եվ երկրորդ՝ լռելով մենք նպատակ էինք հետապնդում խուճապ չառաջացնել սիրիահայերի շրջանում»:
Լրագրողները հետաքրքվեցին, թե ինչո՞ւ Հրանուշ Հակոբյանըʽ որպես սփյուռքի նախարար, չի մեկնում Սիրիա և հոգեբանորեն չի աջակցում տեղի հայերին: «Հաշվի առնելով զարգացումների տարբր սցենարները՝ համայնքը նպատակահարմար չի գտնում քաղաքական այցելությունները: Նրանք գտնում են, որ նման այցելությունը կարող է ևʼ իշխանության, ևʼ ընդդիմության կողմից գնահատվել ոչ ճիշտ և ավելի վնաս հասցնել իրենց համայնքին: Եթե որևէ մեկը գտնում է, որ վտանգավոր է, դրա համար չենք գնում, դա ուղղակի ծիծաղելի է»,- պատասխանեց նախարարը:
Հրանուշ Հակոբյանը միաժամանակ նշեց, որ չենք գտնի երևէ սիրիահայ կամ Սիրիայում գտնվող հայկական կառույց, որը դժգոհ է Հայաստանի Սփյուռքի նախարարության աշխատանքից: «Ես ձեզ կտամ բոլոր համարները, զանգահարեք և տեսեք: Դուք չեք կարող գտնել մի սիրիահայ, որ մտել է մեր նախարարություն և դժգոհ հեռացել է: Եթե կա մեկը, որ մի երազային բան է ցանկանում ու հանկարծ ձեզ է հանդիպում, բարի եղեք, ձեռքը բռնեք, բերեք մեր նախարարություն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հալեպ-Երևան թռիչքի տոմսերի գներին, ապա Հրանուշ Հակոբյանը նշեց, որ վերջին օրերին գինը վազել է մոտ 60 հազար դրամով: Այսօր արդեն Հալեպում հնարավոր է դեպի Երևան ինքնաթիռի տոմս գնել 169 հազար դրամով: Սակայն, ըստ նախարարի, սա նույնպես թնակ է:
Արդեն մի շարք հայ ընտանիքներ ցանկություն են հայտնել հյուրընկալել սիրիահայ ընտանիքների երեխաներին: Հայաստանի միգրացիոն ծառայությունում ապաստան ստանալու համար, ըստ Հրանուշ Հակոբյանի, դիմել է 30 սիրիահայ ընտանիք: Իսկ ժամանակավորապես Հայաստան այցելած սիրիահայերի թիվը հասնում է մոտ 800-ի, որոնք, սակայն, ապաստանի հարցերով չեն դիմում:










































