Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը չեղյալ է հայտարարել է Իրանին С-300 զենիթա-հրթիռային համալիրներ վաճառելու մասին պայմանագիրը՝ Իրանի դեմ Արևմուտքի կողմից ռազմական գործողություններ սկսելուց հրաժարվելու դիմաց:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին. «Արևմուտքին Ռուսաստանի ներկայացրած նախապայմաններից մեկն առնչվել է Բուշեհրի ատոմակայանի վրա հարձակում չգործելուն: Ահա թե ինչու է Ռուսաստանը հրաժարվել С-300-ների մատակարարումից»:
С-300-ների 5 դիվիզիոնի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանի ու Իրանի միջև կնքվել է 2007 թվականի վերջին: Գործարքը գնահատվել էր 800 միլիոն դոլար: Սակայն այն բանից հետո, ինչ ՄԱԿ ԱԽ-ը 2010 թվականի հունիսին ընդունեց Իրանին սպառազինություն մատակարարելը սահմանափակող թիվ 1929 բանաձևը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010 թվականի սեպտեմբերի 22-ին չեղյալ հայտարարեց Իրանին С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը՝ չնայած նրան, որ իրանական կողմն արդեն կանխավճար էր տվել:
Ներկայումս Իրանն այդ կապակցությամբ դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: Իրանական կողմը պարզաբանել է, որ իրենք պահանջել են միայն 900 միլիոն դոլարի փոխհատուցում, իսկ մնացյալ 3 միլիարդ դոլարը դատարանն իր կողմից է ավելացրել:











































