Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը պաշտպանում է Սիրիայի նկատմամբ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը և ափսոսանք հայտնում առ այն, որ «եվրոպական կառավարությունները ճանաչում են սիրիացի ահաբեկիչներին և նրանց զենք ու գումար տրամադրում»: Այս մասին բոլիվարական հեղափոխության առաջնորդը հայտարարել է չորեքշաբթի` Բրազիլիայից (որտեղ գտնվում էր հարավամերիկյան ընդհանուր շուկային անդամակցելու նպատակով) վերադառնալու առիթով անցկացրած մամլո ասուլիսի ժամանակ:
Չավեսը հայտարարել է, որ Վենեսուելան կողմ է Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշմանը, որոնք հարգում են Սիրիայի ինքնիշխանությունը, «և եթե Սիրիայում խնդիրներ կան, թող դրանք սիրիացիները լուծեն խաղաղ ճանապարհով»: Նախագահը վստահ է, որ պետք է դատապարտել ժողովրդի դեմ ուղղված ահաբեկչական գործողությունները, որոնք, իհարկե, կառավարությունը չի իրականացնում, այլ երկիր ներխուժած ահաբեկչական խմբավորումները` ինչպես Լիբիայում:
Չավեսը նշել է. «Եվրոպական էլիտան դեռևս ի վիճակի չէ հրաժարվելու կայսերական հավակնություններից»:
Վենեսուելայի նախագահին ամենից շատ զարմացնում է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը: «Ֆրանսիական նոր կառավարությունը նախորդից ավելի մեծ թափով է ձգտում հասնել ինքնիշխան երկրի ստեղծման»,- ասել է Չավեսը:










































