Սոմալիի անվտանգության ուժերը չորեքշաբթի կրակ են բացել երկու ենթադրյալ մահապարտների վրա, որոնք փորձել են ներխուժել սահմանադրական ասամբլեայի շենք:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կրակի արդյունքում մահապարտների բաճկոնները պայթել են: Այդ ընթացքում ասամբլեայի շենքում Սոմալիի 825 ավագանիներ հավաքվել էինʽ քննարկելու երկրի նոր Սահմանադրությունը: Ոստիկանության տվյալներով՝ երկու մահապարտնետրն էլ տեղում մահացել են: Բացի այդ, հաղորդվում է, որ առնվազն մեկ զինվոր վիրավորվել է:
Այս պահին տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել:
Ավելի վաղ, «Ալ-Քաիդա»-ի հետ կապվածʽ «Ալ-Շաբաբ» խմբավորման զինյալները երդվել էին տապալել արևմտամետ կառավարությունները և իրենց վրա էին վերցրել նմանատիպ մի շարք հարձակումների պատասխանատվությունը:
Սոմալին 1991թ. նախագահ Սիադ Բարեի տապալումից հետո մնացել է առանց կենտրոնական կառավարության:











































