Ճապոնական Toshiba կորպորացիան տարեկան կտրվածքով 178 տոկոսով մեծացրել է եռամսյակային օպերացիոն շահույթը: Նման առաջընթացն ապահովել են արտասահմանում սոցիալական ենթակառուցվածքի ստորաբաժանման եկամուտները, որոնք փոխհատուցել են միկրոսխեմաների թույլ վաճառքը:
Ապրիլ-հունիս ամիսներին Toshiba-ի օպերացիոն շահույթը կազմել է 11,47 միլիարդ իեն (147մլն դոլար)՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում ստացված 4,12 միլիարդ իենի փոխարեն: 2011 թվականին ընկերության ֆինանսական արդյունքների վրա մեծապես ազդել էր մարտին Ճապոնիային պատուհասած երկրաշարժը: Վերլուծաբանները միջին հաշվով կանխատեսել էին 7,8 միլիարդ իենի օպերացիոն շահույթ:
Ամբողջ ֆինանսական տարվա ընթացքում, որը կավարտվի 2013-ի մարտին, Toshiba-ն հույս ունի նախկինի պես 300 միլիարդ իեն աշխատել:











































