Հայաստանում մեծ պահանջարկ ունեն ծրագրավորողները, հաշվապահներն ու մարքետոլոգները: Այս եզրահանգմանն «Առաջին լրատվական»-ը եկավ աշխատանքի տեղավորման գործակալություններում և կարիերայի կենտրոններում անցկացրած հարցումների արդյունքում:
Ավելի մանրամասնորեն «Հայաստանի կարիերայի կենտրոն»-ի հայտարարությունների խմբագիր Արփինե Հովսեփյանը նշեց, որ հիմնականում դիմում են IT ոլորտի մասնագետների պահանջով: «Աշխատատեղերի մեծ մասն այդ ոլորտից են, աշխատավարձերի վերաբերյալ մանրամասնություններ ոչ բոլոր գործատուներն են տեղադրում, բայց ինչքան նշում են, հասկացել եմ, որ բավականին բարձր աշխատավարձ են պատրաստ տրամադրել` 200 հազար դրամից բարձր աշխատավարձ»,- պարզաբանեց Արփինե Հովսեփյանը:
«Ասպեկտ» կադրային կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Կարինե Մանուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մեծամասամբ պահանջարկ ունեն հաշվապահները, մարքետոլոգները, լեզվի մասնագետները և համակարգչային գիտելիքների հետ կապված աշխատանքներ: Ըստ ընկերության ներկայացուցչի` գործատուները պատրաստ են լինում վճարել մարքետոլոգներին՝ 150 հազար դրամ և ավելի, իսկ հաշվապահներին` 100 հազարից սկսված` հաշվի առնելով, թե ինչ հաշվապահության մասին է խոսքը: «Աշխատավարձի չափը կախված է նրանից, թե ինչ աշխատանք են կատարում և ինչ պաշտոն են զբաղեցնում»,- նկատեց Կարինե Մանուկյանը:
Ashxatanq.am կայքում, որտեղ և՛ գործատուները, և՛ գործազուրկները հայտարարություններ են տեղադրում, ամենաշատը պահանջարկ ունեն ծրագրավորողները, PR մասնագետները, թարգմանիչները, մարքետոլոգները: Իսկ այնպիսի բաժինները, ինչպիսիք են «անվտանգությունը», « անշարժ գույքը», հայտարարություններ չկան:








































