«Գարնանային զորակոչի ավարտից հետո ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբում իրարանցում է: Բանն այն է, որ մինչև զորակոչը հայտարարվում եր, թե այս տարի պետք է բացառվի կաշառքով «գործ դզելու» արատավոր սովորույթը, քանի որ կա նաև ռիսկային գոտիները համալրելու խնդիր»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Չպետք է լինեն արտոնյալներ: Սակայն ամփոփիչ տվյալները խիստ հիասթափեցնող են եղել: Եվ այս թեմայի շուրջ բավականին լուրջ խմորումներ են ընթացել, որոշ տեղեկություններով՝ նույնիսկ խախտումների դեպքերի բացահայտումներ են եղել: Մեր տեղեկություններով՝ 17 հոգու ազատել են զորակոչից, որոնք միանգամայն առողջ և ծառայության համար պիտանի երիտասարդներ են: Եվ ահա այս ֆոնին երեկ ՊՆ-ում լուրեր էին տարածվել, թե ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի տեղակալ Վալերի Նարիմանիչ Գրիգորյանի և հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի «վերջը եկել է»:
Գրիգորյանը զորակոչի, ինչպես նաև զինվորների դաստիարակության հարցերով ԳՇ պետի տեղակալն է և ուղիղ առնչություն ունի զորակոչի արդյունքների հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թեեւ Նարիմանիչը թոշակի գնալու տարիքում է, սակայն համակարգից հեռացվում է խախտումների առնչությամբ: Կարող էին և երկարաձգել նրա ծառայությունը, բայց անարդար զորակոչը որոշել են ջարդել նրա գլխին: Այն դեպքում, երբ Յուրի Խաչատուրով գոյություն ունի, ում ղեկավարության ներքո էլ կատարվում է այդ ամենը:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն` մոտ օրերս կլինի նաև Նարիմանիչի ենթակա՝ ՊՆ կազմհավաքային վարչության պետ Առաքել Մարտիկյանի ազատման հրամանը: Իսկ հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանին արձակուրդ են ուղարկել, թեև խոսակցություններ կան, թե նա չի վերադառնա արձակուրդից: Ինչպես տեսնում եք, բանակում տիրող անմխիթար իրավիճակի գլխավոր պատասխանատու Յուրի Խաչատուրովն անձեռնմխելի է, երկու տարի շարունակ խոսվում է նրա պաշտոնանկության մասին, սակայն պարզվում է՝ այս սուրբ մարդու ենթականերն են կոռուպցիայի համար պատասխանատու»:






































