Կրոնական ազատությունների մասին նոր օրենքով կրոնական կազմակերպություններից պահանջվում է հրապարակային գործունեություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ կառավարության կրոնի վարչության պետ Վարդան Ասատրյանը` ներկայացնելով կրոնի և խղճի ազատության մասին օրենքի նախագծում տեղ գտած փոփոխությունները:
Ասատրյանը նշեց, որ նոր օրենքով ևս չի սահմանվում` ինչ ասել է աղանդ. այդպիսի ձևակերպմամբ իրավաբանական ակտ չունենք, թեև մի շարք երկրներում նման սահմանումներ կան: Օրենքի նախագծում տեղ գտած ամենակարևոր պահանջներից մեկը, ըստ բանախոսի, այն է, որ կրոնական կազմակերպություններին արգելվում է ֆինանսական աջակցություն ստանալ արտերկրից, նրանք նաև պարտավորվելու են իրենց գործունեության ֆինանսական ծախսերի մասին տեղեկատվություն տարածել:
Կարևոր առաջարկներից էր գործունեության հրապարակայնացման պահանջը. ամեն տարի իրենց կայքէջերում պետք է տեղադրեն իրենց ֆինանսական հոսքերի ելքերն ու մուտքերը, իսկ անհրաժեշտության դեպքում կիրականացվի հանրային վերահսկողություն:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների, ոչ առևտրային միավորումների գրանցման և լրատվության միջոցների հաշվառման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը նկատեց, որ նոր օրենքով սահմանված են տուգանքներ, ազատազրկումներ, տրված է հոգեորսության սահմանումը: Նրա խոսքով` օրենքը ձեռնտու է մեր պետությանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր կա 64 կրոնական կազմակերպություն, բայց գրանցամատյանում կհանդիպենք 47-ին:










































