Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2011 թվականին աշխարհում կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցը: Զեկույցի թուրքական մասում ուշադրություն է հրավիրված նրա վրա, որ Թուրքիայի կառավարությունը սկսել է վերադարձնել տարիներ առաջ կրոնական փոքրամասնություններից խլված եկեղեցական գույքը:
Զեկույցում նշված է, որ Թուրքիայի կառավարությունը հիմնականում պահպանում է կրոնական ազատությունները, որոնք սահմանված են երկրի Սահմանադրությամբ և այլ օրենքներով: Սակայն դրա հետ մեկտեղ էլ նշված է, որ Թուրքիայում շարունակում են մնալ կրոնական ազատություններին առնչվող մի շարք հարցեր:
Զեկույցում նշված է, որ պետության աշխարհիկ բնույթի պահպանման նպատակով պետհիմնարկներում սահմանափակումներ են մտցված իսլամական արտահայտությունների համար: Զեկույցում ողջունվում է 40 տարի փակ մնացած Հեյբելիադա կղզու հոգևոր դպրոցի վերաբացման հնարավորությունը:
Որոշակի խնդիրներ կան կրոնական մի շարք խմբերի կողմից աղոթելու ազատության, պետական գրանցում ստանալու, սեփականատիրության իրավունքի և հոգևոր մարդ աճեցնելու ոլորտներում: Ընդ որում, դա վերաբերում է թե՛ մուսուլմաններին, թե՛ քրիստոնյաներին:








































