2013 թվականի երկրորդ կեսին Չինաստանը Լուսնի ուսումնասիրման համար կարձակի Chang’e-3 հետազոտական ապարատը: Չինաստանի գիտության, տեխնիկայի և արդյունաբերության պետական վարչության համապատասխան հայտարարությունը այսօր հրապարակել են տեղի ԶԼՄ-ները:
Chang’e-3-ի արձակմամբ կմեկնարկի Երկրի բնական արբանյակի ուսումնասիրման չինական ծրագրի երկրորդ փուլը: Հերթական փուլն իր մեջ ներառում է ապարատի դուրսբերում լուսնային ուղեծիր, վայրէջք Լուսնի մակերևույթին և վերադարձ Երկիր:
ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ ողջ ծրագիրը բաժանված է երեք փուլի: Առաջին փուլի շրջանակում` 2007 թվականին, բարեհաջող արձակվել է Chang’e-1-ը, որը Լուսնի ուղեծրում աշխատել է 16 ամիս: Արդյունքում կազմվել է Լուսնի մակերևույթի՝ բարձր խտությամբ եռաչափ քարտեզ: 2010 թվականին այնտեղ է ուղարկվել երկրորդ հետազոտական ապարատը՝ լուսանկարելու այն շրջանները, որտեղ պետք է վայրէջք կատարի Chang’e-3-ը:
2017 թվականին` ծրագրի երրորդ փուլում, Չինաստանը Երկրի միակ բնական արբանյակ կուղարկի ևս մեկ ապարատ, որի հիմնական նպատակը Լուսնի մակերևույթից նմուշներ բերելն է:









































