Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ներկայիս վիճակն ու հետագա ընդլայնման հեռանկարները: Մամեդյարովն իր ֆրանսիացի գործընկերոջն է հանձնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հասցեագրածʽ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը:
Հանդիպման ժամանակ կողմերը հատուկ ընդգծել են, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ինչի կապակցությամբ Մամեդյարովը Ֆաբիուսին հրավիրել է այցելել Ադրբեջան: Այդ հրավերն ընդունվել է:
Ֆաբիուսն ու Մամեդյարովը քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Մամեդյարովը հույս է հայտնել, որ Ֆրանսիան ակտիվություն կդրսևորի բանակցային գործընթացում: Կողմերը քննարկել են նաև ՄԱԿ ԱԽ-ի օրակարգում գտնվող այժմեական մի շարք հարցեր:








































