Կոալիցիոն հայտարարության ստորագրումը շարունակում է մնալ իշխանական թևի ամենահրատապ հարցերի օրակարգում:
Ավելի վաղ իշխանական մեր աղբյուրները տեղեկացրել էին, որ ըստ նախնական պայմանավորվածության, չորեքշաբթի օրը կոալիցիոն կուսակցությունները պետք է հայտարարեին նախագահի ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու մասին ու ստորագրեին համապատասխան փաստաթուղթ:
Երեկ այդ արարողությունն այդպես էլ տեղի չունեցավ: Բայց հարցն օրակարգից դուրս չի եկել, և մինչև շաբաթվա վերջ այն կստորագրվի: Ավելին, նախօրեի երեկոյան ՀՀԿ-ում տեղի էր ունեցել գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում այնտեղ լայնորեն քննարկվել է կոալիցիայի ներսում առկա վիճակը: Նիստին, բնականաբար, անձամբ ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը: Իսկ երեկ ուշ երեկոյան ՀՀԿ-ն գումարել էր ՀՀԿ խորհրդի նիստ` բնականաբար Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանից միայն տեղեկացանք, որ քննարկվել է կոալիցիոն համապատասխան հայտարարության տեքստը, և այն այսօր կամ ամենաուշը մինչև շաբաթվա վերջ կստորագրվի կոալիցիոն ուժերի կողմից: Թե ինչ բովանդակություն է ունենալու այդ հայտարարության տեքստը և արդյոք այնտեղ անվանական շեշտված է լինելու, որ կոալիցիոն կուսակցությունները սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե, այնուամենայնիվ, գրվելու է «միասնական թեկնածու» արտահայտությունը, պարոն Սահակյանը չասաց՝ խորհուրդ տալով սպասել վերջինիս հրապարակմանը: Նա միայն նշեց, որ պարզապես քննարկվել է հայտարարության տեքստը և հայտարարության տեքստի հետ կապված տարաձայնություններ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև չկան: «Ամեն ինչ լավ է», – ասաց Սահակյանը:
Այդուհանդերձ, կոալիցիոն հայտարարության ստորագրման հետաձգման համար լուրջ պատճառներ կան, որոնց մասին կողմերը չեն ցանկանում պաշտոնապես հայտարարել: ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ-ում մի խումբ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կոալիցիայի ներսում ընթանում է դիրքորոշումների ճշտում.
«Բազմիցս եմ ասել, որ հուշագիր կլինի, թե հայտարարություն` հարցի տեխնիկական բլոկն է, առայժմ գնում է ընդամենը դիրքորոշումների ճշտում: Իսկ թե հետո դա մագաղաթի վրա կսրբագրվի, թե թղթի` դրանք ածանցյալ բաներ են համարվում»: Թե երբ կավարտվեն դիրքորոշումների ճշտումները և կոնկրետ ինչ հարցերի շուրջ կողմերը դեռևս անհամաձայնություններ ունեն, պարոն Սահակյանը չմասնավորեցրեց:
Կոալիցիայում խանդը սիրուց ավելի ուժեղ է
Ժամանակին Արթուր Բաղդասարյանը նախորդ գումարման ԱԺ ժամանակ կազմավորված կոալիցիան նմանեցրել էր ամուսնության, որտեղ խանդը սիրուց ավելի ուժեղ է, և այդպես էր մեկնաբանել ներկոալիցիոն հակասությունները, ՕԵԿ դեմ «արշավը»: Պարզվում է` հիմա կրկին նույն վիճակն է, միայն թե այս անգամ ոչ թե ՕԵԿ-ին են խանդում, այլ՝ ՕԵԿ-ն է խանդում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին: Մեր աղբյուրները հավանական են համարում փաստը, որ հայտարարության ստորագրումը հետաձգվում է տեքստում ձևակերպումների հարցում որոշակի անհամաձայնության պատճառով:
Ընդ որում` ներկոալիցիոն հարաբերություններում ուշագրավ ստվերային դերակատարում է ստանձնել ՕԵԿ-ը, որը փորձում է ամեն գնով խթանել ՀՀԿ-ԲՀԿ կոնֆլիկտը և անել այնպես, որ արդյունքում ԲՀԿ-ն լքի կոալիցիան, և նրանց թողած պաշտոնների մի մասն անցնի ՕԵԿ-ին:
Եվ հիմա հազիվ էին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն եկել համաձայնության, որ հայտարարության մեջ պետք է չնշվի Սերժ Սարգսյանի անունը, այլ միայն այն, որ կոալիցիան հանդես է գալու միասնական թեկնածուով, երբ այդ փաստի դեմ ներքին ընդվզման ալիք է բարձրացրել ՕԵԿ-ը՝ դժգոհելով, թե ինչու իրենք պետք է հայտարարեն Ս.Սարգսյանին սատարելու մասին, իսկ ԲՀԿ-ն՝ ոչ:
Ավելին, ՕԵԿ-ը փորձում է Ս.Սարգսյանին համոզել, որ ԲՀԿ-ն այդպես է անում, որպեսզի կարողանա հարմար պահի ծլկել: Մինչդեռ ԲՀԿ-ն էլ որպես փաստարկ բերում է Ծառուկյանի ելույթը, որ իրենք հավատարիմ են կոալիցիոն համաձայնագրի տառին և ոգուն և կոալիցիոն կառավարության կազմում բարեխղճորեն իրականացնում են իրենց միասնական ծրագրերը:
Ավելին, բոլոր մակարդակի խոսակցություններում ԲՀԿ-ն մշտապես հայտարարել է, թե ինքը երբեք այնպիսի քայլ չի արել, որը կհակասեր կոալիցիայի հուշագրին, այնպես որ՝ իրեն ոչ ոք չի կարող մեղադրանքներ ներկայացնել:
«Ժամանակ» օրաթերթ









































