ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը սեպտեմբերին ելույթ կունենա Դեմոկրատական կուսակցության համագումարին, որի ընթացքում պաշտոնապես կառաջադրի նախագահական ընտրություններում գործող նախագահ Բարաք Օբամայի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է CBS News հեռուստաալիքը:
Համաձայն ամերիկյան քաղաքական ավանդույթի` նախագահական ընտրությունների թեկնածուները պաշտոնապես առաջադրվում են կուսակցական համագումարների ժամանակ: Որպեսզի մասնակցեն նախագահական ընտրություններին, նրանք պետք է ստանան համագումարի մասնակիցների մեծամասնության ձայները:
Ներկայումս նախընտրական քարոզարշավին փաստացի մասնակցում են երկու թեկնածուներ` դեմոկրատ Բարաք Օբաման և հանրապետական Միթ Ռոմնին: Նրանք իրենց կուսակցությունների միասնական ներկայացուցիչներն են: Համագումարի ժամանակ ձևականորեն նրանք անցնելու են առաջադրման և հաստատման գործընթացը:
Դեմոկրատական կուսակցության համագումարը կկայանա սեպտեմբերի 3-ին, իսկ Հանրապետական կուսակցությանը` օգոստոսի 27-30-ը:










































