Ֆիլիպիններում խաղաղօվկիանոսյան «Սաոլա» թայֆունի հետևանքով 7 մարդ է զոհվել: Երկրի խոշորագույն Լուսոն կղզում և արշիպելագի կենտրոնական հատվածում թայֆունը ջրհեղեղի պատճառ է դարձել:
ITAR-TASS-ը, հղում անելով Մանիլայից ստացված տեղեկություններին, հաղորդում է, որ տարերային աղետից ավելի քան 40 հազար մարդ է տուժել, 11 հազարը տարհանվել են: 150 կմ/ժամ արագությամբ քամին վնասել է հարյուրավոր տներ ու շինություններ, որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության:
Օդերևութաբանների կանխատեսումներով` արևադարձային օդային հոսանքը տեղաշարժվում է Թայվանի ուղղությամբ, որտեղ նախազգուշացվել է փոթորկի մասին: Ուրբաթ ցիկլոնը կարող է հասնել Շանհայի շրջան:
Խաղաղ օվկիանոսում թայֆունների սեզոնը սկսվում է հունիսին և շարունակվում մինչև հոկտեմբեր: Այդ մթնոլորտային հոսանքները ձևավորվում են հասարակածի ցածր ճնշման գոտիներում և տարածվում դեպի հյուսիսային լայնություններ` վիթխարի վնաս պատճառելով Արևելյան Ասիայի երկրներին:
«Սաոլա» -ն արդեն այս տարվա 9-րդ թայֆունն է: Այն իր անվանումը ստացել է այծքաղի հազվագյուտ տեսակից, որի գոյությունը բացահայտվել էր 20 տարի առաջ` Վիետնամի և Լաոսի հետ սահմանային լեռներում:





































