Կոլորադո նահանգի ողբերգությունը չի ազդել զենքի վաճառքի վերահսկողության վերաբերյալ ամերիկացիների վերաբերմունքի վրա: Նման կարծիք է հայտնել Pew Research Center-ը կատարված սոցհարցումներից հետո:
Հասարակական քննարկման թեմա է դարձել 24-ամյա չարագործի կողմից 12 մարդու սպանությունը Ավրորա քաղաքի կինոթատրոնում: Այդ միջադեպից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ իշխանություններից և նախագահական ընտրությունների թեկնածուներից պահանջել են քայլեր ձեռնարկել նման ողբերգությունները կանխելու համար և փոխել զենքի մասին օրենսդրությունը:
Համաձայն սոցհարցման` ամերիկացիների 47%-ը ամենակարևորը համարում է զենքի վաճառքի վերահսկողությունը, իսկ 46%-ը գտնում է, որ պետք է պաշտպանել ամերիկացիների` զենք կրելու իրավունքը:
Կոլորադոյի դեպքից հետո էլ հարցվածների կարծիքը չէր փոխվել: 45%-ը գտնում էր, որ պետք է վերահսկվի զենքի վաճառքը, իսկ 49%-ը` ամերիկացիները զենք կրելու իրավունք պետք է ունենան:
Pew Research Center-ի կողմից հարցվածների 67%-ը գտնում է, որ կինոթատրոնում գնդակահարությունները խելագարի արարք են, իսկ 24%-ը գտնում է, որ այդ ողբերգությունը հասարակության մեջ գոյություն ունեցող խնդիրների արտահայտությունն է:










































