Գերմանիայի դաշնային դատախազությունը Բեռլինում Սիրիայի դեսպանատան աշխատակից Աքրամ Օ.-ի դեմ մեղադրանք է ներկայացրել Դամասկոսի օգտին լրտեսություն կատարելու մեջ, գրում է Spiegel ամսագիրը: Նրան է վերագրվում լրտեսություն կատարելու 35 դեպք:
35-ամյա Օքրամ Օ.-ն Բեռլինի դեսպանատանն աշխատել է 2008թ.-ից և, հետաքննության տվյալներով, այդ ընթացքում համագործակցել է Սիրիայի հետախուզության հետ: Մասնավորապես, ենթադրվում է, որ նա տեղեկություններ է փոխանցել Գերմանիայում սիրիացի ընդդիմադիրների, ինչպես նաև տարբեր կուսակցությունների և քաղաքական կազմակերպությունների մասին:
Մասնավորապես, նա մի անօրինական ներգաղթյալ համախոհի հետ լուսանկարել և ձայնագրություններ է արել Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել 2011թ. նոյեմբերին՝ նվիրված Սիրիայի հակամարտությանը: Այդ նյութերն ուղարկվել են Դամասկոս: Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը զբաղվում է քաղաքականության ոլորտում լուսավորչական աշխատանքներով և կրթական դրամաշնորհներ է տալիս:
Բացի այդ, դատախազությունը պարզել է, որ Աքրամ Օ.-ն Դամասկոսի հատուկ ծառայություններին տեղեկություն է փոխանցել Բեռլինից սիրիացի բժշկի մասին: Որոշ ժամանակ անց Սիրիայում բժշկի բարեկամներին կանչել են հարցաքննության:
Գերմանիայի իշխանությունները ենթադրում են, որ Աքրամ Օ.-ն Գերմանիայում Սիրիայի լրտեսական ցանցի մի մասն է, որի կենտրոնը գտնվում է Բեռլինում: Բացի նրանից, Գերմանիայում ապրող ևս 4 սիրիացիներ կասկածվում են լրտեսության մեջ:











































