Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ մայրաքաղաքում այսօր նկարազարդված է 76 կամարանցում, որոնցից 60-ի աշխատանքները կատարվել են ընթացիկ տարում: Ձևավորված կամարանցումներում կատարվել են մեքենաների կանգառումն արգելող համապատասխան գծանշման աշխատանքներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություն ներկայացնել բոլոր այն կամարցումների վերաբերյալ, որտեղ հնարավոր է նկարազարդում իրականացնել, և մինչև տարեվերջ ավարտին հասցնել կամարանցումների գեղարվեստական ձևավորման ծրագիրը:
Վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին անդրադառնալով` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 807 շքամուտք: Զեկուցվել է նաև, որ որոշ համատիրություններ, նախատեսված ծրագրից բացի, իրենց նախաձեռնությամբ ձեռնարկել են լրացուցիչ աշխատանքներ` շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախորդ շաբաթվանից մեկնարկել են մայրաքաղաքի սանիտարական մաքրման աշխատանքների շաբաթօրյակները: Զեկուցվել է, որ սահմանվել է ժամակացույց վարչական շրջանների բակային տարածքներում շաբաթօրյակների կազմակերպման համար: Քաղաքապետը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել նաև համատիրություններին:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև ամենօրյա հսկողություն իրականացնել և հնարավորին սեղմ ժամկետում ավարտել բազմաբնակարան շենքերի պատերին և հենասյուներին փակցված հայտարարությունների մաքրումն ու արտաքին պատշաճ տեսքի ապահովումը: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում սահմանազատված վայրերում հայտարարությունների ցուցատախտակների տեղադրումն ապահովելու ուղղությամբ:
Շարունակվում է հսկողությունը շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումը ապահովելու, ինչպես նաև բետոնախառնիչ ու հարակից մարզերից Երևան մտնող մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված իրավախախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ:






































