Բոդիբիլդինգի համաշխարհային լեգենդ, կինոաստղ, քաղաքական գործիչ և գործարար Առնոլդ Շվարցենեգերն այսօր նշում է ծննդյան 65-ամյակը:
Նա ծնվել է Ավստրիայի հարավարևելյան Թալ-Գրաց բնակավայրում: 5 տարի առաջ նա իր 60-ամյակը նշել է հենց այդ գյուղում, որտեղ ավելի քան 2000 մարդ է բնակվում: Գյուղի իշխանությունները նույնիսկ պատրաստվում էին նրա պատվին հուշաձան կանգնեցնել,սակայն Առնոլդը խնդրել է դա չանելʽ ասելով, որ գյուղում իր պատվին բացված թանգարանը լիովին բավարար է:
Հոր ազդեցության ներքո Առնոլդը սկսելէ ֆուտբոլով զբաղվել, սակայն 14 տարեկանում նախընտրել է կուլտուրիստի կարիերան: Նրան ոգեշնչել են հայտնի բոդիբիլդերներ Ռեգ Փարկը, Ստիվ Ռիվզը և լեգենդար լողորդ Ջոնի Վայսմյուլլերը, որոնց նա հաճախ տեսել էր կինոնկարներում:Արդյունքում, «Երկաթե Առնին» դարձել է «Միստեր Օլիմպիա» և «Միստեր Տիեզերք» տիտղոսակիր:
70-ականների սկզբին Շվարցենեգերը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերումʽ չնայած որպես դերասան փառքի է արժանացել «Բարբարոս Քոնանը» ֆիլմի թողարկումից հետո: Վերոնշյալ ֆիլմին հաջորդած «Տերմինատորը», «Գիշատիչը»,«Հիշել ամեն ինչ» ֆիլմերը ամրապնդել են ավստրիացուն կինոաստղի կարգավիճակում: 2003-ին կինոարդյունաբերության մեջ նա ստացել է ռեկորդային՝ 30 միլիոն դոլար հոնորար՝ «Տեմինատոր-3» ֆիլմում դերակատարման համար: Դրանից հետո նա հեռացել է Հոլիվուդից՝ զբաղվելու քաղաքականությամբ: Հենց այդ տարի նա հաղթում է Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններում և պաշտոնավարում երկու անգամ: Ներկայումս «Երկաթե Առնին » վերադառնում է էկրաններին: Նկարահանվում է Սիլվեստեր Ստալոնեի «Անզուսպները» ֆիլմում, 2013-ին կմասնակցի «Վերջին մարտը» ֆիլմի նկարահանումներին: Հաջորդ տարի սկսվելու են նաև «Տերմինատորը» ֆիլմի 5-րդ մասի նկարահանումները:









































