ՌԴ նախագահ Վ. Պուտինը օրենք է ստորագրել Ռուսաստանում ապօրինի տեղեկատվություն պարունակող դոմենների և կայքերի միասնական ցուցակ ստեղծելու մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
Փաստաթուղթը կհրապարակվի երկուշաբթի օրը` Российская газета թերթում, և ուժի մեջ կմտնի նույն օրվանից:
Օրենքը նախատեսում է ստեղծել այն կայքերի, ցանցային հասցեների, էջերի «սև ցուցակը», որոնք վտանգավոր տեղեկատվություն են պարունակում երեխաների համար: Առաջին հերթին խոսքը վերաբերոոմ է մանկական պոռնոգրաֆիային, թմրամիջոցների պատրաստմանը: Օրենքի առկայության դեպքում հնարավոր է կայքը փակել դատական ճանապարհով:
Համաձայն օրենքի` նմանատիպ թեմաներ պարունակող կայքերը մեխանիկորեն չեն հայտնվի ռեեստրում:
Վերահսկող մարմինը շահույթ չհետապնդող կազմակերպության վրա է դնելու ապօրինի տեղեկատվություն պարունակող միջոցների մոնիթորինգը: Վերջինս կայքերի հայտնաբերման դեպքում վերահսկող մարմնին տեղեկացնելու է այդ մասին, որն էլ համացանցային միջոցի տիրոջը կտեղեկացնի հայտնաբերված ապօրինի տեղեկությունների մասին: Եթե վերջինս մինչև օրվա վերջ չարձագանքի կամ չջնջի տվյալ տեղեկատվությունը կայքից, ապա կայքը կհայտնվի «սև ցուցակում»:
Ռեեստրում հայտնվելու մասին որոշումը կարող է վիճարկվել դատարանում` երեք ամսվա ընթացում:
Տվյալ մարմինը հսկողության տակ է պահելու նաև այլ թեմաներ պարունակող կայքերը, ինչպիսիք են պատերազմ քարոզելը, ազգամիջյան վեճեր բորբոքելը: Այս դեպքում կայքը համապատասխան ռեեստր կամ «սև ցուցակ» կընկնի դատարանի որոշմամբ:
Օրինագծի քննադատները կարծում են, որ այս օրենքը բացասաբար կանդրադառնա պորտալի ազատության վրա: Մասնավորապես, «Վիքիպեդիայի» ռուսալեզու հատվածի պատասխանատուները հուլիսի կեսից «գործադուլ» են հայտարարել` բողոքելով այս օրենքի դեմ և նշելով, որ որպես այս օրենքի ընդունման հետևանք Ռուսաստանում կստեղծվի «չինական մեծ ֆայերվոլի» նմանօրինակը, որով նրանք արգելափակում են, իրենց պատկերացմամբ, անցանկալի տեղեկատվության հայտնվելը համացանցում:










































