Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կիրակի օրը հերթական անգամ կոչ է արել Սիրիայում դադարեցնել բռնությունը և դիմել է միջազգային հանրությանը` խնդրելով ջանք չխնայել, որպեսզի հակամարտությունն այդ երկրում իր լուծումը գտնի:
«Ես շարունակում եմ անհանգստությամբ հետևել Սիրիայում տեղի ունեցող բռնությունների ողբերգական աճին, ինչի արդյունքում զոհեր և վիրավորներ են գրանցվում, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում. Դա հանգեցնում է նաև գաղթականների թվի աճին»,- ասել է Հռոմի պապը Կաստել Գանդոլֆոյում` իր ամառային նստավայրում, ավանդական կիրակնօրյա աղոթքի ժամանակ:
Դրա հետ կապված՝ նա դիմել է Սիրիայի սահմանակիցներին`այդ երկրից գաղթականներին օգնելու և նրանց անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու խնդրանքով:
«Ես կրկին պնդում եմ, որ դադարեցնեն բռնությունը և արյունահեղությունը»,- նշել է Բենեդիկտոս 16-րդը:
Միաժամանակ միջազգային հանրությանը նա կոչ է արել ջանք չխնայել խաղաղությունը վերականգնելու համար և փորձել «երկխոսության և հաշտության» միջոցով հասնել հակամարտության լուծմանը:







































