Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը բավական ռեալ համարեց կոալիցիայի ներսում հակասությունները: Իսկ թե այդ հակասություններն ինչու վերջնական լուծում չեն ստանում, Հովհաննիսյանը մեկնաբանեց. «Կոալիցիան ավելի վստահ է, որ երկիրը կառավարել կարող է: Բայց ի վերջո պետք է գա անխուսափելի վիճակը, որ կոալիցիան այդ կազմով, այդ կառուցվածքով ու կառավարման համակարգով պարզապես ֆիասկո ապրի: Եվ բացի այդ, այնտեղ կան քաղաքական ուժեր, որոնք քաջ գիտակցում են իրավիճակն ու այդ քաղաքական ուժը չի ցանկանում վերջնական մասնակից լինել երկրի՝ ներքաղաքական ու արտաքին քաղաքական կործանմանը: Կոալիցիայի հեռանկարը տխուր է, եւ այդ ֆորմատով կոալիցիան հեռանկար չունի»:
Ըստ Հովհաննիսյանի՝ այդ քաղաքական ուժը ԲՀԿ-ն: Մեր հարցին, բայց չէ, որ ԲՀԿ թիկունքում կանգնած է Քոչարյանը, Հովհաննիսյանը նշեց. «ԲՀԿ-ում կա Քոչարյանի գործոնը, բայց ոչ մի բան հավերժ չէ: Այնպես չէ, որ Քոչարյանը ԲՀԿ-ի համար ավելի թանկ է, քան սեփական ժողովրդի ձգտումները: Այդ ամենն անցողիկ է»:











































