Սիրիայում իրադարձությունների ֆոնին այսօր կրկին սրվել է իրավիճակը Լիբանանի Տրիպոլի քաղաքում, որտեղ գրոհայինները կրկին խախտել են երկու ամիս առաջ սահմանված հրադադարը:
Քաղաքում գտնվող զինվորականությունը ճնշել է գրոհայինների սկսած հրաձգությունը և հետապնդել նրանց: Անհանգիստ թաղամասերում ստուգումների արդյունքում նրանցից մի քանիսը ձերբակալվել են, առգրավվել է զգալի քանակությամբ զենք-զինմաթերք:
Վերջին տվյալներով` բախումների արդյունքում վիրավորվել է 18 մարդ, այդ թվում` խաղաղ բնակիչներ և երեք զինվորներ:
Երեկոյան քաղաքում կրկին հրաձգության ձայներ են լսվել: Դիպուկահարները կրակել են մայրուղու այն հատվածը, որը Տրիպոլիից տանում է Սիրիային սահմանամերձ Ակկար լեռնային շրջան:
Այդ տարածքը վերածվել է ընդդիմադիր խմբավորումների հավաքատեղիի, որտեղից նրանք անցնում են Սիրիայի տարածք և հարձակումներ գործում բանակային պարեկների դեմ:










































