Սիրիայի Ազգային խորհրդի ղեկավար Աբդել Բասետ Սաիդը միջազգային հանրությանը կոչ է արել Հալեպում ապստամբներին աջակցություն ցուցաբերել: Նրա խոսքով` եթե միջազգային հանրությունը աջակցություն չցուցաբերի, ապա կառավարական զորքերը քաղաքն արյան մեջ կհեղեղեն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մեր ընկերներն ու դաշնակիցները պատասխանատվություն կկրեն այն բանի համար, ինչ տեղի է ունենում Հալեպում, եթե մոտ ժամանակներս անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն: Շահագրգիռ կողմերը պետք է գործեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակից դուրս»,- Աբու-Դաբիում լրագրողների հետ հանդիպմանը ասել է նա:
Հալեպում մարտերը շարունակվում են Սալահեդին շրջանի համար: Հաղորդվում է, որ հրետակոծման հետևանքով մի քանի շինություններում խոշոր հրդեհ է բռնկվել: Ապստամբների հաղորդմամբ` կառավարական զորքերը քաղաքում կիրառում են ավելի քան 100 տանկ և 10 ուղղաթիռ:









































