Կենտրոնական Վրաստանում այս օրերին օդի ջերմաստիճանը ռեկորդային է` 41 աստիճան տաքություն: Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` բարձր ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կպահպանվի առաջիկա մի քանի օրերին:
Քանի որ Վրաստանի ծովափնյա գյուղերում այս օրերին հանգստանում են հազարավոր հայեր, «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե Վրաստանի համար ռեկորդային ջերմաստիճանը խանգարե՞լ է մեր հայրենակիցներին հանգստանալու Բաթումում, Քոբուլեթիում, Ուռեկիում և այլ ափերին: Մի քանի տուրիստական գործակալություններին արված հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանից Վրաստան հանգստի նպատակով մարդիկ մեկնում են նույն դինամիկայով, ինչ օրեր առաջ:
Մասնավորապես, Safe tour տուրիստական գործակալության ներկայացուցիչ Նարինե Հովհաննիսյանն ասաց. «Մենք տարբերություն չենք նկատել, մարդիկ գնում են: Մենք զբաղվում ենք ուղևորափոխադրումներով, ունենք ուղևորափոխադրում օգոստոսի 1-ին, 4-ին: Նաև չկան մարդիկ, ովքեր գնացել են և նախատեսվածից շուտ են վերադարձել»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Բարի երթ» տուրիստական գործակալությունից ասացին, որ այս օրերին շարժը դեպի Վրաստան պահպանել է իր դինամիկան և փոփոխություն չի կրել: Ըստ տուրիստական գործակալության ներկայացուցչի` Վրաստանը շարունակում է նույն հետաքրքրությունն առաջացնել, ինչ օրեր առաջ, և նույնիսկ ավելի:
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի







































