Վիետնամի իշխանությունները կարող են Ռուսաստանին առաջարկել նյութատեխնիկական ապահովման կետ ստեղծել Կամրան նավահանգստում, սակայն ոչ մի օտար պետություն իրավունք չունի երկրի տարածքում ռազմաբազա ունենալ: Այս մասին, ինչպես հաղորդում է Golos Rossii ռադիոկայանը, հայտարարել է Վիետնամի նախագահ Չիոնգ Տան Շանգը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մեզ նրա հետ կապում է հին համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը: Այդ գործընկերությունը կզարգանա նաև հետագայում: Ուստի մենք Ռուսաստանին տարածք կտրամադրենք Կամրանում, այդ թվումʽ ռազմական համագործակցության զարգացման համար»,- նախագահի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերով՝ Վիետնամը ցանկանում է Կամրանում բացել այդ նավահանգիստ մտնող բոլոր երկրների նավերի վերանորոգման և մատակարարման կենտրոն: Ընդ որումʽ Վիետնամի նախագահը նշել է, որ չի պատրաստվում իր նավահանգիստը տրամադրել օտարերկրյա պետություններինʽ ռազմական օգտագործման համար:
Հիշեցենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Չուրկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ուսումնասիրում է Կուբայում, Վիետնամում և Սեյշելյան կղզիներում ռուսական ռազմաբազա տեղակայելու հնարավորությունը:










































