Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերը հայտարարել են, որ իրենք որևէ կապ չունեն Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ: Այս մասին հայտարարել է Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ներկայացուցիչ Սալիհ Մուսլիմը:
Վերջինիս խոսքերով՝ PYD-ն որևէ կերպ կապված չէ PKK-ի հետ, և այդ մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը՝ ընդգծելով, որ PYD-ն միայն քաղաքական կառույց է: Մուսլիմը հավելել է, որ Սիրիայի քրդերն ինքնավարություն են ցանկանում, սակայն դա պետք է տեղի ունենա Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում:
Մուսլիմը հերքել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բանակի (փեշմերգա) 2000 զինյալներ գտնվում են Սիրիայում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Էրդողանը PYD-ին մեղադրել էր PKK-ի հետ դաշինքի մեջ մտնելու մեջ՝ պատրաստակամություն հայտնելով դիմել ամեն տիպի գործողությունների՝ Սիրիայի հյուսիսում PKK-ի ճամբարների ստեղծումը կանխելու համար: PYD-ն ստեղծվել է 2003 թվականին՝ Սիրիայի հյուսիսում քրդական անկախ պետություն ստեղծելու համար:











































