«Շատ եմ կարևորում 2011 թ. անցկացվելիք «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում» գիտագործնական համաժողովի կազմակերպումը, որին հրավիրելու ենք մասնակցելու մեծ սփյուռք ունեցող երկրների պաշտոնյաներին: Հետաքրքրական է միասնաբար քննարկել սփյուռքի գոյացման ուղիները, տարբեր ժողովուրդների սփյուռքների ընդհանրություններն ու առանձնահատկությունները, նրանց զարգացման հեռանկարները: Կարծում եմ, աշխարհով մեկ սփռված ազգերը պետք է մտածեն միջազգայնորեն ուսումնասիրություններ կատարելու և, ասենք, ՄԱԿ-ի շրջանակներում Սփյուռքի մասին որևէ համաձայնագիր կամ կոնվենցիա ընդունելու մասին: Ակնկալում եմ, որ համաժողովը կարող է նման հարց բարձրացնել ՄԱԿ-ի առջև: Մյուս կողմից՝ Ռուսաստանի հայերի միության հետ միասին 2011 թվականը հայտարարել ենք «Երիտասարդության տարի»: Մեր հանրությունը պետք է լրջորեն զբաղվի իր աշխարհասփյուռ երիտասարդ զավակներով: Որպես հայ ժողովրդի նվիրյալների հանդեպ հարգանքի և երախտիքի դրսևորում` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, նախաձեռնել ենք հիմնադրել հայ մեծանուն բարերարներին նվիրված ճեմուղի: Առաջին փուլում նախատեսվում է պատրաստել հայ ազգային բարերարներ Ալեք Մանուկյանին, Ալեքսանդր Մանթաշյանին, Գալուստ Կյուլպենկյանին, Հովհաննես և Հովակիմ Լազարյաններին, Միքայել Արամյանցին, Պողոս Նուբարին նվիրված հուշակոթողները: Արդեն հայտարարվել է ճեմուղու քանդակագործական-ճարտարապետական էսքիզների համահայկական բաց մրցույթ»: