Երկօրյա այցով Թբիլիսիում գտնվելով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի հետ համագործակցության շրջանակային համաձայնագիր է ստորագրել և կրկին հաստատել Վրաստանի տարածքային ամբողջականությանն իր աջակցությունը։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
Նշվում է, որ Լուկաշենկոն հայտարարել է․ «Աբխազիան հայտնի չէ, թե ինչի են վերածել»։ Սակայն նա նաև կոչ է արել հարթել հարաբերությունները Վրաստանի և Ռուսաստանի միջև՝ անտեսելով բոլոր տարաձայնություններն ու տարակարծությունները։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն ասել է, թե այժմ «ոչ ոք չի կարող Աբխազիա գնալ» և «այդ գեղեցիկ շրջանը հայտնի չէ, թե ինչի են վերածել»։
Նշվում է նաև, որ մարտի 23-ին Լուկաշենկոն հանդիպել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հետ, որին հայտարարել է․ «Դուք Ռուսաստանը հիշատակեցիք։ Ես և Վրաստանի ղեկավարը հաճախ ենք խոսում այդ թեմայի շուրջ, ես կարծում եմ, որ հարաբերությունները պետք է հարթվեն՝ չնայած գոյություն ունեցող բոլոր տարաձայնություններին և տարակարծություններին։ Մենք կողմնակից ենք բոլոր հակամարտությունների և խնդիրների՝ միայն խաղաղ ճանապարհով լուծմանը»։