ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից,ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ այդ համատեքստում ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը:
Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա կարծիք է հայտնել, որ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են և ձախողված՝ որպես երկու մեծ կրոնների երկխոսության լավագույն օրինակ վկայակոչելով հայ-իրանական հարաբերությունները:
Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է Իրանի՝ քրիստոնյա երկրների, այդ թվում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու դիրքորոշումը՝ ի տարբերություն Թուրքիայի:
Կողմերն անդրադարձել են նաև բազմոլորտ համագործակցությանը, մասնավորապես առևտրատնտեսական կապերի խթանմանը:
,,Մենք շահագրգռված ենք Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմամբ: Թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը և թե ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկկողմ հարաբերությունների լրացուցիչ հնարավորություն են,,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը երկկողմ տնտեսական օրակարգի հարցերը հանգամանալի քննարկելու նպատակով առաջարկել է ոլորտային հանձնաժողովների հանդիպումները դարձնել հաճախակի՝ տարբեր ձևաչափերով կոնկրետ խնդիրները վեր հանելու նպատակով:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելուն, ներդրումների խթանմանն օժանդակող օրենսդրության բարելավմանը և այլ հարցերի: