Friday, 26 04 2024
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»

Ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել. Կուրսանտ Հայկազ Բարսեղյանին դաժանաբար սպանել, ապա կախել են ապագա զինվորականների լուռ հայացքների ներքո

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց կապիտան Արտյոմ Ավետիսյանը:

Դեպքի պահին նա եղել է ռազմական ինտիտուտի առաջին մարտկոցի առաջին դասակի հրամանատար: Ներկայումս նա սահմանամերձ Խաչիկ գյուղում է ծառայում, ասաց, թե դատարան է եկել դիրքերից…

Հենց դեպքի գիշերը կապիտան Ավետիսյանը եղել է առաջին մարտկոցի պատասխանատու սպան, ով նույնիսկ գիշերային շրջայցեր է կատարել, ստուգել է ննջասենյակները, բայց միայն մահճակալներին եղած ծածկոցների ուռուցիկությունը բավական է եղել՝ եզրահանգելու համար, որ կուրսանտները բոլորը «հանգիստ» քնած են իրենց անկողիններում:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի բացակայությունը արյան մեջ թաթախված անկողնուց առաջինը նկատել են կուրսանտները՝ «վերկաց» հրամանից հետո, ու զեկուցել են կապիտան Ավետիսյանին: Վերջինս շտապել է թիվ 408 ննջարան: Նա նայել է արյամբ ներծծված դատարկ անկողնուն, կարգադրել է, որ առավել ճարպիկ կուրսանտները որոնեն Հայկազին: Ննջարանում քնող կուրսանտները, պատասխանելով կապիտանի հարցերին, ասել են, թե գիշերը քնած են եղել, ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել, իսկ ոմանք հանկարծ «վերհիշել են», որ Հայկազը անկումային տրամադրություն ուներ նախօրեին, նա սենյակում ասել է՝ մի բան կա, եթե ստացվի, վաղը հնարավոր է էստեղ չլինեմ, նույնիսկ համազգեստի մասերն է առաջարկել տղաներին:

Կապիտան Ավետիսյանը դատարանում նշեց, որ Հայկազին ինքը վերջին անգամ տեսել է դեպքի գիշերը: «Քուն» հրամանից մոտ երկու ժամ հետո Հայկազին տեսել է միջանցքում: Նրա ձեռքին կես լիտրանոց շշով ջուր կար: Կապիտանը հարցրել է՝ որտե՞ղ էիր: Հայկազը պատասխանել է՝ զուգարանում: Կապիտանը հարցրել է՝ ի՞նչ էիր անում: Հայկազը կատակի է տվել՝ «Զուգարանում ի՞նչ են անում…»: Կապիտանն ասաց, որ այդ պահին Հայկազի տրամադրությունը լավ էր, ինքը անկումային տրամադրություն չի նկատել, հակառակը՝ Հայկազն իրեն պատասխանել է կատակով…

Առավոտյան կապիտանը, Հայկազի արյունոտ անկողինը տեսնելով, կարգադրել է ոչ մի բանի ձեռք չտալ, ննջարանի անձնակազմին կարգադրել է նույնիսկ առանց հագնվելու դուրս գալ սենյակից, արգելել է սենյակ մտնել-դուրս գալ՝ մինչև իրավապահների ժամանելը:

Երբ Հայկազի մարմինը գտել են մարզահրապարակում, կապիտան Ավետիսյանը անմիջապես գնացել է այնտեղ:

Դատարանում կապիտանն ասաց, թե Հայկազի մարմինը տեսել է բարձր պտտաձողից կախված: Մարմնի վիճակից պարզ էր, որ զարկերակ «չկար», բայց կապիտանը ստուգել ու համոզվել է, որ Հայկազը ողջ չէ:

Վկան ասաց, որ Հայկազը «ուժայինով կարգին տղա էր»: Նա ցածրահասակ էր, վարժություններ անելիս կուրսանտներից մեկը նրան օգնում էր բարձր պտտաձողից կախվել: Բայց առօրյայում Հայկազը կարող էր կողքի պտտաձողից բռնելով՝ ինքնուրույն բարձրանալ բարձր պտտաձողին: Բարձր պտտաձողի բարձրությունը մոտ 1 մետր 80 սմ էր կամ դրանից ավել…

Կապիտանն ասաց, թե ինքը թիվ 408 ննջարան գնալով՝ անմիջապես հարցեր է տվել հերթապահներին, օրապահներին, ննջարանի անձնակազմին՝ ի՞նչ են նկատել կամ լսել գիշերը:

Կուրսանտները պատասխանել են՝ ոչ մի բան: Իսկ հերթապահը նույնիսկ «երդվացել է», թե քնած չի եղել ու տարօրինակ կամ կասկածելի ոչինչ չի նկատել ու չի լսել…

Կապիտանն ասաց. «Երկու հերթապահներին էլ խաչաձև հարցեր եմ տվել, բայց ոչ մի կոնկրետ բան չեմ իմացել… Նրանցից մեկը կարող էր ինչ-որ բան իմանալ ու թաքցնել՝ նրա հոգեբանությունից ելնելով եմ այդպես կարծում՝ իմ դասակի բոլոր կուրսանտներին մազիս նման ճանաչում էի…»: Կուրսանտների մեծ մասի անունները վկա Ավետիսյանն արդեն չէր հիշում՝ ասելով, թե տևական ժամանակ է անցել, ինքը դրանից հետո բազմաթիվ զինվորների հետ է գործ ունեցել…

Այն, որ դեպքի գիշերը պահասենյակում կուրսանտներից մի քանիսը սեղան է բացել ու նշել Վաչեի ծնունդը, ըստ վկայի, ինքն իմացել է դեպքից երկու-երեք օր հետո: Վաչեն նախապես կապիտան Ավետիսյանին ասել է, թե «տուլիկ ունեն», ընկերներով ուզում են իր ծնունդը պահասենյակում գիշերը նշել, բայց կապիտանը թույլ չի տվել, ասել է՝ «էս տոնական օրը թող հարամ չըլնի»՝ նկատի ունենալով, որ հունվարի 28-ն էր:

Ըստ վկայի՝ երբ ծնողները կուրսանտներին մթերք էին ուղարկում, իրենք թույլատրում էին, որ նրանք ընկերների հետ ճաշարանում հաց ուտեն, բայց՝ ոչ գիշերային ժամին՝ «քուն» հրամանից հետո…

Վկան ասաց, որ Հայկազի բացակայության մասին իմանալուց, ապա նրա մարմինը հայտնաբերվելուց հետո ինքը բազմաթիվ հարցեր է տվել ու գրառումներ է կատարել իր «բլոկնոտում»: «Ես ինձ վատ զգացի՝ որ երևի չեմ կարեցել ճիշտ հարցադրումներ կատարել ու ճիշտ պատասխաններ ստանալ… Ինձ ճիշտ չեն ասել, օրինակ՝ որ Հայկազը, իբր, անտրամադիր է եղել…»:

Վկան ասաց, որ Հայկազենց ննջարանում շատ կուրսանտներ էին հավաքվել սկզբում, երբ լուր էր տարածվել, թե անկողինը արյան մեջ կորած է. «Ես թույլ չէի տվել, որ հավաքվեն, բայց երբ մի բան է պատահում, բոլորը հավաքվում են, ասես՝ մեղր են բաժանում…»:

Դատարանում վկան ասաց, թե ննջարանում գտնվելու ժամանակ Մովսես Ազարյանը, սակայն ինչպես պարզվեց, իրականում՝ Վաչե Սահակյանը Հայկազի մահճակալի վրայից ածելի կամ սայր է վերցրել ու ասել է՝ «Պարո՛ն կապիտան, երևի սրանով էլ Հայկազն իրան փրթել ա»:

Ինքը կարգարդել է սայրը դնել տեղը ու ոչ մի բանի ձեռք չտալ: Իր մտքով չի անցել հարցնել՝ կուրսանտը որտեղի՞ց գիտի, որ Հայկազն իրեն «փրթել է»: Չի հիշում՝ սայրի վրա արյուն կա՞ր, թե՞ ոչ:

Վկան ասաց. «Երբ անկողնու միջի արյունը տեսա, ասի՝ չէր կարող էսքան արյունը կորցնելուց հետո Հայկազը տուռնիկի մոտ հասնել: Եթե նույնիսկ հասներ, իրան չէր կարողանա հանել վերև ու կախվել…»:

Վկան ասաց, որ դեպքից առաջ՝ երեկոյան, ինքն է կուրսանտներին ավտոբուսով տարել Օպերա՝ տոնական համերգի: Հայկազ Բարսեղյանի հետ նույն ավտոբուսում է եղել: Հայկազի տրամադրությունը բարձր էր. «Նա աջուձախ էր նայում, մեր կողքին նստած էին ՀՀ նախագահը, Ղարաբաղի նախագահը… Հետդարձին ավտոբուսի մեջ Հայկազն ու մի կուրսանտ լեզվակռիվ արեցին, բայց ես միջամտեցի, զգաստացան, չշարունակեցին…»:

Վկան հիշեց նաև, որ այդ օրը ցերեկը ինքը ճաշարանում աղմուկ է լսել, ներս է մտել ու տեսել, որ Վաչե Սահակյանը կանգնած է Հայկազենց սեղանի մոտ: Վաչեն զեկուցել է, որ միջադեպը հարթված է: Ինքը չի հետաքրքրվել, թե ինչ էր եղել: Դեպքից հետո է իմացել, որ ուտելու ժամանակ Հայկազը անշնորհք ուտելու համար դիտողություն է արել Կարենին, վերջինիս պաշտպանել է Վաչեն…

Վկան ասաց. «Քիչ ստաժ չունեմ, ամեն բան հասկանում եմ…»:

Ինքը դեպքի գիշերը քնել է ժամը երեքի սահմաններում: Արթնացել է ժամը վեցին՝ «վերկացին»:

Վկան նշեց նաև, որ Վաչեի ծնունդը պահասենյակում նշելու համար ինչ-որ մեկը սպաներից գաղտնի վերցրել է պահասենյակի բանալին…

Ըստ կապիտան Ավետիսյանի՝ իր աշխատասենյակի ու Հայկազենց ննջարանի հեռավորությունը կլիներ մոտ 10 մետր, իսկ ննջարանից մինչև մարզահրապարակ՝ մոտ 300 մետր: Հայկազին իջեցնողները նրան երրորդ հարկից իջեցրել ու անցել են 3-րդ, 2-րդ հարկերում գտնվող հերթապահների մոտով, իջել են 1-ին հարկ, որտեղ հերթապահ չկա, բայց եթե արթուն մարդ լիներ, կնկատեր: Ապա դուրս են եկել շենքից, բավական տարածություն են անցել ու հասել են մարզահրապարակ…

«Դեպքից հետո ես վախենում էի ամեն մարդու մոտենամ ու հարց տամ… Սառը որ դատում եմ՝ ռեալ պատկերացնում եմ…»:

Գնել Թևոսյանի ու Վաչե Սահակյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանը միջնորդեց նիստը հետաձգել՝ պատճառաբանելով, թե վկան այնպիսի բաներ ասաց, որոնց շուրջ ինքը պետք է հարցեր նախապատրաստի:

Մեղադրանքի և տուժող կողմերը առարկեցին՝ նշելով, որ վկայի ասածների մեջ չկար այնպիսի բան, որ արդեն հնչած չլինի ու նորություն լինի: Բացի այդ՝ վկան դիրքերից է ներկայացել, պարզ չէ, հաջորդ անգամ նա երբ կկարողանա նորից ներկայանալ, իսկ դա կնշանակի՝ դատական նիստերի հետաձգում:

Դատարանը փաստաբանի միջնորդությունը մերժեց՝ նշելով, որ պաշտպանը հնարավորություն ունի պատշաճ պաշտպանություն իրականացնելու, դրա համար նիստը հետաձգելու անհրաժեշտություն չկա:

Արա Զաքարյանը վկային հարցրեց՝ եթե կուրսանտների ննջասենյակներում ցուրտ չէր, ինչո՞ւ է նորմալ համարվել, որ նրանք քնեին գլուխները ծածկոցով ծածկած: Հիշեցնենք, որ ծածկոցները «ուռեցնելով» կուրսանտները տպավորություն էին ստեղծել, թե անկողնում քնած մարդ կա՝ գլխովին ծածկոցով ծածկված:

Վկան ասաց, թե ծածկոցով գլխովին ծածկվելը ամեն մեկն անում է իր հայեցողությամբ, դրա համար սենյակի տաք կամ ցուրտ լինելը նշանակություն չունի, ինքը բավարար է համարել նայել մահճակալներին և պատկերացրել է, որ կուրսանտները բոլորը տեղերում են՝ ոմանք՝ ծածկոցով ամբողջովին «ծածկված»… Այդպես՝ Հայկազի դեմքն էլ չի տեսել, բայց տպավորություն է ստացել, որ նա պառկած է մահճակալին… Ինքը չի բացառում, որ դեպքը կատարված լինի այն բանից հետո, երբ ինքը ստուգել է ննջարանները, մտել է իր սենյակ ու քնել է:

Ինքը ստուգել է նաև, որ համազգեստները խնամքով ծալված լինեն աթոռներին…

Այսինքն՝ ստուգվել է ձևական կողմը՝ մահճակալի ծածկոցի «ուռուցիկությունը», աթոռին՝ համազգեստի «խնամքով ծալվածությունը», իսկ կատարված ծանր արարքը մնացել է աննկատ…

Կապիտան Ավետիսյանն ասաց, որ ինքը եղել է օրվա պատասխանատուն, բայց ննջարանները ստուգելու պարտականություն չի ունեցել, դա օրվա հերթապահների պարտականությունն է, ինքը կարող էր «քուն» հրամանից հետո պառկել քնելու և արթնանալ «վերկաց» հրամանի հետ:

«Ես եղել եմ սպորտհրապարակում: Գետնին արյուն չկար, ննջարան մտնելիս՝ աջի վրա երկու կաթիլ արյուն կար, ննջարանի հատակին էլ արյուն չկար… Այնտեղ, որտեղ կախված էր Հայկազը, ձյունը տրորված էր… Հայկազի ոտքերը հպված էին գետնին, ծնկները գետնին չէին հասնում»:

Նախաքննական ցուցմունքում կապիտան Ավետիսյանը բնութագրել է սպանության համար մեղադրվող քառյակին ու տուժող Հայկազ Բարսեղյանին: Նա նշել է, որ Գնել Թևոսյանը վատ էր սովորում , «հազիվ էր ձգում բավարարի», Վաչե Սահակյանը լավ էր սովորում, լավ կազմակերպիչ էր, Մովսես Ազարյանը վատ էր սովորում , Նորիկ Սահակյանը լավ էր սովորում , համեստ տղա էր: Իրար հետ մտերիմ էին Նորիկն ու Գնելը: Մովսեսը «Վաչեի հետևից ման էր գալիս»: Հայկազը լավ էր սովորում, հիշատակված չորս կուրսանտների հետ, ըստ Ավետիսյանի, Հայկազը «սառը հարաբերություններ» ուներ, նկատելի էր, որ նրանք Հայկազին չեն սիրում, Հայկազը՝ նրանց…

Հայկազը «միջին սոցիալական դիրք էր գրավում…»:

Կապիտանը նկատել էր լարվածություն Վաչեի ու Հայկազի հարաբերություններում՝ երբ Վաչեն էր հրաման տալիս, Հայկազը ամենավերջում էր շարք կանգնում, երբ սպաներն էին հրաման տալիս, նա ամենաառաջինն էր: Եթե Հայկազը ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ էր ունենում, Վաչեն միշտ Հայկազի դեմ էր լինում…

Դեպքի երեկոյան, ըստ վկայի, Գնել Թևոսյանը մարտկոցում չի եղել՝ հայրը նրան տուն էր տարել: Նա մարտկոց է եկել քնելուց առաջ՝ անվանականչին:

Քնելուց առաջ Հայկազ Բարսեղյանը ժամանակ է խնդրել ոտքերը լվանալու համար, ասել է, թե չի հասցրել տրված ժամանակում ոտքերը լվանալ…

Դեպքի գիշերը կապիտանը դուրս եկել միջանցք ու տեսել է, որ հերթապահ և դաս սովորող մի քանի կուրսանտներ ուզում են «կիպիտելնիկով» ջուր եռացնեն, զայրացել ու կտրել է «կիպիտելնիկի» լարը. «Հո դուք խաթա չե՞ք, մեկիդ հոսանքը խփելու-սպանելու ա…»: Երբ լարը պոկել է, Նորիկ Սահակյանը սկսել է ծիծաղել, ինքը զայրացել է: Հետո կուրսանտ Հովհաննեսը ասել է, թե Նորիկը այդ գիշեր իրեն շատ տարօրինակ էր պահում՝ անիմաստ կատակներ էր անում, ինքն էր միայն իր ասածների վրա ծիծաղում…

Կուրսանտները նկատել էին նաև Վաչե Սահակյանի տարօրինակ վարքագիծը՝ նա սփրթնած էր, ասես անջատված լիներ, վախեցած, իսկ երբ եղել է «վերկաց» հրամանը, նա արդեն հագնված պառկած էր անկողնուն՝ սփրթնած…

Կապիտանը նախաքննական ցուցմունքում հայտնել էր, թե պահասենյակի բանալին կարող էր վերցնել միայն Գնել Թևոսյանը…

Կապիտան Ավետիսյանը նախաքննական ցուցմունքում նշել էր. «Գալիս եմ հետևության, որ Հայկազ Բարսեղյանը չէր կարող ինքնասպան լինել՝ ելնելով դեպքի հանգամանքներից…»:

Դատարանում վկան ասաց, թե նախաքննության ընթացքում իրեն չեն ուղղորդել, նախաքննական ցուցմունքն ամբողջովին ճիշտ է:

Կապիտան Ավետիսյանի նկատմամբ էլ գործ էր հարուցված՝ տոնական համերգից վերադառնալու ժամանակ ավտոբուսում Հայկազ Բարսեղյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, բայց քննությամբ հանցադեպ ի հայտ չի բերվել, մեղադրանքը չի հաստատվել:

Կապիտան Ավետիսյանն ասաց. «Ով Հայկազի արյունոտ անկողինը տեսել էր, չէր կարող այլայլված չլինել: Ես վայրկյաններ ունեի, չէի կարա նայեմ յուրաքանչյուրի դեմքին, որ տեսնեմ՝ ի՞նչ միմիկա է արտահայտում… Սկզբում՝ անկողնուն նայելով, մտածեցի՝ Հայկազն ինքն է իրեն վնասել, նույնիսկ մտածել եմ՝ կարող է մահճակալի տակ լինել, կզել-նայել եմ, մտածել եմ՝ կարող է բուժմասի ճանապարհին լինել, բայց հետո, երբ մարմինը կախված հայտնաբերվել է, մտածել ու հասկացել եմ, որ նա ինքնասպան լինել չէր կարող…»:

Վկա Ավետիսյանի հարցաքննությունն ավարտվեց:

Քանի որ վկա կուրսանտներին դատարան ներկայացնելու խնդիրներ են առաջանում, դատարանը որոշեց այդ հարցով նորից դիմել ռազմական ոստիկանություն և գլխավոր շտաբ: Որպեսզի վկաների ներկայությունը հաստատապես ապահովվի, դատարանը որոշեց հաջորդ նիստը նշանակել երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 25-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում