Ֆրանսիական Total ընկերությունը նախատեսում է 2018-ին նավթի արդյունահանում սկսել Ադրբեջանի «Աբշերոն» հանքավայրում: Ինչպես փոխանցում է haqqin.az-ը՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Total-ի գլխավոր տնօրեն և ներկայացուցիչ Դենիս Լամարշալը:
«Ներկայումս մենք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում «Աբշերոն» հանքավայրում նոր հորատումներ անելու համար: Հորատման աշխատանքները մտադիր ենք սկսել 2018-ի հունվար ամսին: Հորատումը կիրականացվի նորագույն կիսասուզվող լողացող հորատող սարքավորումների միջոցով», – ասել է Լամարշալը:
Նշենք, որ ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ մտադիր է հորատման աշխատանքները սկսել այս տարվա երրորդ եռամսյակին:
Total-ի տվյալներով՝ կհորատվի մինչև 450 մ խորությամբ ստորջրյա հատված: Սպասվում է, որ օրական նոր հանքավայրից հնարավոր կլինի արդյունահանել մինչև 2 000 տոննա կոնդեսատ և 4,3 մլն խմ գազ: