Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի սպառազինության կազմ է ներառվել բոլոր եղանակների համար նախատեսված, արդիականացված «Hermes 900» մարտավարական անօդաչու սարքը, որը մշակվել է Elbit Systems ընկերության կողմից։ Այս մասին հայտնում է Իսրայելի ՊՆ-ն։
Արդիականացված «Hermes 900»-ը հաջորդը կարող են ձեռք բերել Ադրբեջանը, Կոլումբիան, Մեքսիկան, Չիլին, Բրազիլիան և Շվեյցարիան՝ հայտնում է NEWSru.co.il-ը։
Պարբերականը նշում է, որ ադրբեջանական ռազմաօդային ուժերի սպառազինության կազմում կա 12 «Hermes 450» անօդաչու սարք, որոնք ներառվել են 2006 թվականին, իսկ 2016 թվականին Իսրայելն Ադրբեջանին է մատակարարել 15 «Hermes 900» դրոններ։
«Hermes 900»-ը նախատեսված է վերահսկողության, ավիապարեկման և հետախուզության համար։ Անհրաժեշտության դեպքում անօդաչուն կարելի է հանդերձել հարվածային համալիրներով։ Սարքը թռիչքներ է իրականցնում մինչև 9000 մ բարձրության վրա և կրում մինչև 350 կգ քաշով ծանրաբեռնվածություն։