ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր խոսքն սկսեց նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի հնչեցրած հարցով. «Իսկ մենք այլ տարբերակ ունե՞նք»:
«Այլ տարբերակ չունենք: Այլ տարբերակը անցած տարիների պես խոսքի ու գործի հակասության մեջ ապրելն է, անձնական, խմբակային, կուսակցական շահերը պետական, հանրային շահից վեր դասելն է, սրընթաց մոտենալն է այս սահմանին, որից այն կողմ քաղաքական, տնտեսական փլուզումն է, պետականության հիմքերի խարխլումը, մրցունակ ազգերի ընթացքից դուրս շպրտվելը:
Այլ տարբերակը, իշխանության անկարողության պայմաններում, մարդկանց անտարբերության, հուսահատության, վաղվա հանդեպ հավատ չունենալու, ընդհանուր անվստահության, անհանդուրժողության խորացումն է, ազգային, հոգևոր, բարոյական արժեքների կորուստը, հազարամյակներով ձևավորված մեր բացառիկ տեսակի՝ հայկականության քայքայումը:
Ու հիմա չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, որ հասել ենք այն սահմանագծին, որից հետո այլ տարբերակ գոյություն չունի: Որովհետեև բառադիության հասնող մեր արխային լինելը, «բոլորը մեղավոր են, ինձանից բացի», «ինձ համար լավ է, մյուսների հերն էլ անիծած», քանի դանակը ոսկորին չի հասել, տեղից չշարժվելու մտայնությունը մեզ բերելու էր մի կետի, որից հետդարձն այլևս անհնար էր լինելու: Այդ կետին բան չէր մնացել: Հիմա նոր սկիզբ դնելու, հանրության մեջ նոր արյուն ներարկելու, որակական, արմատական փոփոխություններ կատարելու փորձի, ջանքի, կամքի թերևս վերջին հնարավորությունն է, որ պարտադրված ենք անել»,- նշեց Աղվան Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: