Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է Նյու Յորքից վերադառնալ հայրենիք՝ ի հեճուկս միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի։
Օդեսայի նահանգապետ Սաակաշվիլին Վրաստանում խորհրդարանական ընտրություններին մոտենալու հետ մեկտեղ սկսել է ավելի հաճախ քննադատել վրացական իշխանություններին՝ իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությանը։
Սաակաշվիլին Նյու Յորքում հանդիպել է իր նախկին կուսակցության համակիրների հետ և հայտարարել է. «Ես պատրաստվում եմ ժամանել Վրաստան և պատրաստվում եմ պաշտպանել ընտրությունների արդյունքները։
Իվանիշվիլին խուճապի մեջ է, վախենում է իմ վերադարձից, և ես պետք է անեմ այն, ինչից նա այդքան վախենում է»։
Ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանում Սաակաշվիլիին սպասում է լավ բանտախուց։
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին։