Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջընթաց են ակնկալում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումից՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:
«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները իրենց դերն ունեցան շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցման ու հարաբերական կայունության ապահովման հարցում:
Նախագահների միջև ակնկալվող հանդիպումը պետք է ի ցույց դնի հրադադարի ռեժիմին հավատարիմ լինելու կողմերի ցանկությունը: Մենք նաև ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կնպաստի բանակցության գործընթացում առաջընթացի ձեռքբերմանը:
Մենք ակնկալում ենք, որ կողմերը հրադադարի ռեժիմը պահպանելու վերաբերյալ նախագահների հայտնած պատրաստակամության ֆոնին հավատարիմ կլինեն ստանձնած պարտավորություններին»,- ասել է նա: