Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է աշխարհում մահացության կառուցվածքի մասին հետազոտությունը 2012 թվականի համար: Այդ տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր յոթերորդ մահվան պատճառը (դա ավելի քան 7 միլիոն մարդ է) օդի աղտոտվածության հետ կապված հիվանդություններն են: Ընդ որում, մահերի մոտ կեսը տնային վառարանների ծխից առաջացած աղտոտվածության պատճառով է, հայտնում է percare.ru-ն:
ԱՀԿ-ի տվյալներով՝ օդի աղտոտվածությունը ժամանակակից հասարակության համար գլխավոր էկոլոգիական սպառնալիքն է, ինչն առաջացնում է հիվանդությունների մեծ մասը, այդ թվում՝ թոքերի և սրտանոթային համակարգի հիվանդությունները և կաթվածները:
Մարդկանց առողջության համար առավել վտանգավոր է վառարանային ջեռուցումը: Մեր մոլորակի մոտ 3 միլիադ բնակիչ ուտելիք պատրաստելու և տաքանալու համար օգտագործում են փայտ և ածուխ, որոնք առաջացնում են մեծ քանակով թունավոր արտանետումներ: Ներկայումս հստակ կապ է հաստատվել աղտոտված օդի և թոքերի ու միզապարկի քաղցկեղով հիվանդանալու միջև: