Tuesday, 14 05 2024
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է

Մեր իրական թշնամին երկրի ներսում է. Ռիչարդ Կիրակոսյան

Մեր իրական թշնամին ավելի շատ երկրի ներսում է: Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները գեղեցիկ խոսքերից անցնեն գործի և սկսեն արմատական փոփոխություններ երկրի ներսում՝ իրական պայքար սկսելով կոռուպցիայի դեմ, որն իրականում ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, քան Ադրբեջանը: Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այսպես է պատկերացնում ելքը Հայաստանի և Արցախի համար ստեղծված դժվարին վիճակից՝ խորհուրդ տալով չանտեսել դիվանագիտությունը, բայց ավելի շատ կենտրոնանալ պաշտպանության վրա:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անկեղծացավ, որ շատ կուզենար լավատես լինել, բայց իրականում շատ քիչ շանսեր կան Ադրբեջանին հետ պահելու ռազմական նոր հարձակումից:

– Պարոն Կիրակոսյան, կարելի՞ է եզրակացնել, որ քառօրյա պատերազմի արդյունքների գլխավոր շահառուն Ռուսաստանն էր:

– Շատ առումներով միակ երկիրը, որն օգուտ քաղեց հակամարտության վերջին սրացումից, իհարկե, Ռուսաստանն է, որը չի թաքցնում, որ մտադիր է ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին՝ նպաստելով լարվածության հետագա աճին և վտանգի ավելացմանը: Երկրորդ հաղթողը, դժբախտաբար, Իսրայելն է, որն իրականում ավելի շատ է շահում Ադրբեջանին սպառազինելուց: Բայց ակնհայտ է, որ այսօր ամենամեծ վտանգը Հայաստանի համար Ռուսաստանի դավաճանությունն է՝ հաշվի առնելով, այսպես կոչված, ռազմավարական դաշնակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև: Նկատի ունեմ Լավրովի, այսպես կոչված, խաղաղության ծրագիրը, որով նախատեսվում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ շրջակա տարածքներից մեկ կամ երկուսը զիջելու համար: Դրանից հետո կպարտադրվի խաղաղության գործընթաց Ռուսաստանի միջնորդությամբ: Սա չափազանց վտանգավոր է: Պետք է ընդգծեմ, որ Ռուսաստանի վարչապետը Հայաստանում հստակ հայտարարեց, որ Ադրբեջանին զենք վաճառելը այլևս պարզապես բիզնես չէ, այլ Ռուսաստանի քաղաքականության վերափոխումը:

– Եվ կոնկրետ ի՞նչ քաղաքական օգուտներ է ստացել Ռուսաստանը այս իրավիճակից, որովհետև մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Ղարաբաղյան հակամարտության սրումը նաև սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար:

– Անշուշտ: Եթե նայենք ռուսական շահերին, նրանք ավելի շատ շահում են ստատուս քվոյից, ոչ թե հակամարտության կարգավորումից կամ լայնածավալ պատերազմից, բայց սա կարող է նաև լինել ռիսկային քայլ Ռուսաստանի կողմից, որի նպատակն է իրավիճակից օգտվելով՝ ավելացնել իր լծակներն ու ազդեցությունը: Մասնավորապես, Ռոսաստանի նպատակը կարող է լինել հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը, ինչը սպառնալիք է բոլորի՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի և թե՛ նաև Ադրբեջանի համար:

– Բայց Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Երևանում հայտարարեց, որ խաղաղապահների տեղակայման հարցը քննարկվելու է վերջին փուլում, երբ արդեն ստորագրված կլինի խաղաղության համաձայնագիրը:

Այո, երբ Մինսկի խմբի համանախագահներն այստեղ էին, ես հանդիպեցի նրանց հետ և ստացա պարզաբանում նրանցից, այդ թվում՝ դեսպան Պոպովից, որ խաղաղապահները գալու են միայն խաղաղության համաձայնագրի վերջին փուլում: Այնուամենայնիվ, Ռուսաստանի մոտեցումները էականորեն տարբերվում են: Ռուսաստանը ուժի և լծակների յուրահատուկ ձևեր ունի Հարավային Օսիայում և Աբխազիայում. այնտեղ կային ռուսաստանյան անձնագրերով քաղաքացիներ, որոնց պետք էր պաշտպանել, և ռուս խաղաղապահներ: Սրանցից ոչ մեկը չկա Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հաշվի առնելով «Էլեկտրիկ Երևանի» ցույցերը, Հայաստանի՝ ժողովրդականություն չվայելող իշխանությունը՝ Ռուսաստանը կարող է այժմ փորձել ընդլայնել իր ազդեցությունը Հայաստանում: Իսկ դա կարելի է անել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու միջոցով:

– Դուք տեսնո՞ւմ եք մրցակցություն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Մինսկի խմբի ներսում, որովհետև բոլորին հայտնի է, որ ամերիկյան կողմն ամեն կերպ փորձում էր առաջ տանել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու գաղափարը, ինչն ակնհայտորեն ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ադրբեջանին: Այդ հարցը քննարկվել է նաև Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ, որից մեկ օր անց սկսվեց ադրբեջանական հարձակումը:

– Ես շատ կուզենայի, որ մրցակցություն լիներ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև այդ հարցում: Դրա պատճառն այն է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հարավային Կովկասում շարունակում է մնալ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ենթակետերից մեկը, և, ցավոք սրտի, Միացյալ Նահանգները չափազանց լուռ է և պասիվ: Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է ոչ միայն համագործակցել Ռուսաստանի հետ, այլև թույլ չտալ Պուտինին մոնոպոլիզացնել և շահագործել այս կոնֆլիկտը:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը ռազմական հարձակման որոշումը կայացրել է Վաշինգտոնում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մասնակցում էին Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Դա վիրավորանք էր Միացյալ Նահանգների և պետքարտուղարության համար: Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը աշխատում է Մինսկի խմբի շրջանակներում, ԱՄՆ-ը պետք է ավելի շատ ներգրավվի գործընթացին:

– Ուզում եք ասել՝ չարժե՞ այլևս ակտիվ քայլեր սպասել Օբամայի վարչակազմից:

– Կարծում եմ՝ չափազանց ուշ է: Ո՞ւր էր Վաշինգտոնը հատկապես Ադրբեջանի վիրավորական պահվածքից հետո. Ադրբեջանի ղեկավարությունը, սանձազերծելով այսպիսի ռազմական ագրեսիա, ցույց է տվել, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ է մտածում Արևմուտքը: Եվ սա անհարմար դրության մեջ դրեց նաև Օբամային:

– Սա նշանակում է, որ Ռուսաստանը իր ձե՞ռքն է վերցնում վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ:

– Եվս մեկ անգամ, ցավոք սրտի: Խնդիրը հնարավոր ճնշումն է: Տարածքային իմաստով ստատուս քվոն փոխելուն ուղղված ցանկացած ճնշում գործադրվելու է Հայաստանի նկատմամբ: Ամենայն հավանականությամբ, Մոսկվան ճնշում կգործադրի Երևանի և Հայաստանի իշխանության վրա: Ռուսական ճնշման վառ վկայություններից է այն փաստը, որ նախագահ Սարգսյանը շատ կարևոր հանդիպում ունեցավ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ուշագրավ է ոչ միայն այն հանգամանքը, որ գործող նախագահը հանդիպել է իր ամենամեծ քաղաքական հակառակորդին, այլև այն, որ ոչ թե Տեր-Պետրոսյանն է եկել նախագահական նստավայր, այլ Սարգսյանն է գնացել Տեր-Պետրոսյանի առանձնատուն: Սա շատ խորհրդանշական և կարևոր ցուցադրություն է այն փաստի, որ Հայաստանի իշխանությանն այսօր անհրաժեշտ է ներքին համախմբում՝ Ռուսաստանից եկող ճնշմանը դիմագրավելու համար:

– Հանդիպումը հիմնականում հենց այդ տեսանկյունից է քննարկվում, որ Հայաստանի վրա ճնշում է գործադրվում՝ գնալ տարածքային զիջումների, այդ պատճառով Սարգսյանին անհրաժեշտ էր Տեր-Պետրոսյանի աջակցությունը:

– Այո, կարծում եմ՝ դա ակնհայտ է: Ես հույս ունեմ, որ այս անգամ չի կրկնվի 2013թ. պատմությունը, երբ Սարգսյանը շատ հեշտ հանձնվեց Ռուսաստանին Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու և Մաքսային միությանը միանալու հարցում: Այժմ շատ ավելի բարդ իրավիճակ է: Սա ազգային անվտանգության և ազգային շահերի հարց է, և մենք հույս ունենք, որ Հայաստանի նախագահը կհետևի ազգային շահերին և կստորադասի անձնական շահերը պետության շահերին:

Նախքան Տեր-Պետրոսյանին հանդիպելը, Սերժ Սարգսյանը ևս մի կարևոր հանդիպում ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում: Սերժ Սարգսյանի այցը Գերմանիա շատ լավ էր կազմակերպված, շատ պրոֆեսիոնալ, միայն մեկ բացթողում եղավ, երբ Սարգսյանը գերմանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասաց, թե Հայաստանը դեմ չի խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում՝ փաստացի հնարավորություն տալով Ռուսաստանին ճնշում գործադրել մեզ վրա խաղաղապահների տեղակայման հարցով:

– Իսկ ներքաղաքական համատեքստ ունե՞ր Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը: Նկատի ունեմ այն, որ շատ պարզ երևաց Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի որոշ համախմբումը Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը վաղուց անցել է պատմության գիրկը. նա գնալով կորցնում է իր արդիականությունը և ավելի մարգինալ է դառնում: Անգամ Քոչարյանին շրջապատող քաղաքական գործիչները, մասնավորապես՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, շատ քիչ շանսեր ունեն քաղաքական դաշտում հաջողության հասնելու համար: Սա նշանակում է, որ Հայաստանը և Հայաստանի բնակչությունը առաջ են անցել 2008թ. մարտի 1-ից, որը Ռոբերտ Քոչարյանի վերջին նվերն էր Հայաստանի քաղաքականության ավտորիտար, անընդունելի պահվածքին: Եվ սա էլ ավելի թունոտ ու մաղձոտ է դարձնում Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտում:

– Հնարավո՞ր է, որ նա փորձի խաղալ, այսպես ասած, ռուսամետ դաշտում՝ հաշվի առնելով այս իրավիճակը:

– Չեմ կարծում: Մոսկվան կարող է իր սեփական գործակալներն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում, բայց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրանց շարքին չի դասվում: Եթե նա նույնիսկ ցանկանար, չէր կարող ի կատար ածել Մոսկվայի ցանկությունները, քանի որ չափազանց լուսանցքային և մեկուսացված ուժ է, հետևաբար չի կարող արդյունավետ լինել:

– Սկսված դիվանագիտական գործընթացը որևէ արդյունք կարո՞ղ է տալ: Բանակցությունները կարո՞ղ են կանխել հակամարտության վերսկսումը հետագայում:

– Ես համոզված չեմ, որ դա հնարավոր է, քանի որ դիվանագիտության վախճանը որոշում էր, որը կայացվել է Բաքվում, ոչ թե Ստեփանակերտում կամ Երևանում: Եվ չնայած Հայաստանի արտաքին գործերի նախարարի հասցեին հնչող քննադատությանը՝ իրականում Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր շատ ակտիվ է: ՀՀ ԱԳ նախարարը վերջերս Չինաստանում էր, որը ռազմավարական և շատ կարևոր քայլ էր: Չի կարելի թերագնահատել այս հանգամանքը: Միևնույն ժամանակ, տեսնում ենք ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի ակտիվությունը: Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր ավելի ուժեղ է, քան ապրիլի 1-ին՝ նախքան ռազմական գործողությունների վերսկսումը: Հայաստանը կարողացավ ապացուցել, որ Ադրբեջանն է սանձազերծել ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ և Ադրբեջանը լուրջ սպառնալիք է դարձել միջազգային անվտանգության համար: Եվ Հայաստանը դիվանագիտական առումով ավելի նախընտրելի վիճակում է:

– Այդ դեպքում ինչո՞ւ են այդքան քննադատում էդվարդ Նալբանդյանին, եթե մեր արտաքին քաղաքականությունը, ինչպես Դուք եք ասում, այսօր ավելի ուժեղ է:

– Եկեք անկեղծ լինենք: Սովորաբար հասարակությունը ճգնաժամի պահին ռեֆլեքսորեն սկսում է փնտրել մեղավորներ, ինչ-որ մեկին, որը պատասխանատու է այդ իրավիճակի համար, քննադատում է նրան: Ես ավելի շատ կմեղադրեի Հայաստանի կառավարությանը՝ պատասխանատվության բացակայության համար, քան կոնկրետ արտգործնախարարին: Թիրախավորված հարձակումները արտգործնախարարի դեմ ավելի շատ անձնական էին և քաղաքականացված: Բայց ընդհանրապես չի կարելի թերագնահատել Հայաստանի արտաքին քաղաքականությունը:

– Ո՞րն է առաջնահերթությունն այսօր՝ Ձեր կարծիքով: Մարդիկ պիտի սպասեն նոր պատերազմի՞, թե՞ դեռևս հնարավոր է բանակցությունների միջոցով կայունացնել վիճակը:

Ես շատ կուզենայի լավատես լինել, բայց եթե անկեղծ լինեմ, շատ քիչ հնարավորություն կա հետ պահելու Ադրբեջանին նոր ռազմական հարձակումից: Դիվանագիտությունը չափազանց թուլացել է Ադրբեջանի պատճառով, որը չի թաքցնում այն, որ ցանկանում է փոխել ստատուս քվոն ուժի գործադրմամբ: Մենք՝ միջազգային հանրությունը, պետք է շատ ավելի մեծ ճնշում գործադրենք և պարտադրենք Ադրբեջանին գին վճարել իր պահվածքի, ագրեսիայի և հարձակումների համար: Բայց մինչ այդ անհրաժեշտ է կենտրոնանալ ավելի շատ պաշտպանության, քան դիվանագիտության վրա:

– Ի՞նչ մեթոդներով պիտի ներկայացնենք կամ բացատրենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի և միջազգային անվտանգության համար:
– Չեմ կարծում, որ դրա կարիքը կա, քանի որ դա ակնհայտ է բոլորի համար: Ադրբեջանի բռնությունները զինվորների և խաղաղ բնակչության նկատմամբ, մարդու իրավունքի խախտումները շատ լավ փաստաթղթավորված են մեր կողմից: Հայաստանը չպետք է անտեսի դիվանագիտությունը, բայց ավելի շատ պիտի կենտրոնանա պաշտպանական խնդիրների վրա: Եվ այս համատեքստում գլխավոր խնդիրը կոռուպցիան է Հայաստանում: Կոռուպցիան շատ ավելի վտանգավոր երևույթ է: Այլ կերպ ասած՝ մեր իրական թշնամին ավելի շատ երկրի ներսում է, քան Ադրբեջանը: Կոռուպցիան թուլացնում է Հայաստանի պետականությունը և ազգային անվտանգությունը:

– Թեև որոշ սպասումներ կային, որ այս իրադարձությունները կստիպեն Սերժ Սարգսյանին դիմել արմատական փոփոխությունների և իրական պայքար սկսել կոռուպցիայի դեմ, բայց մենք գրեթե չենք տեսնում որևէ գործնական քայլ:

Մենք շատ երկար ենք լսում գեղեցիկ ճառեր բարեփոխումների մասին՝ լինի դա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կամ էլ գործող նախագահը: Այս ճգնաժամը պահանջում է խոսքից անցնել գործի: Եկեք նայենք կառավարությանը, որը ամենահարուստ կազմն ունի Հայաստանի պատմության մեջ: Որտեղի՞ց է գալիս նրանց հարստությունը: Եթե իրոք ուզում ենք մարտահրավեր նետել կոռուպցիային, պիտի կարողանանք պատասխանել ավելի դժվար հարցերի և ուսումնասիրել Հայաստանի իշխանության կոռումպացված վերնախավը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում