Ավստրալիայի շրջակա միջավայրի նախարար Գրեգ Հանթը խստորեն քննադատել է Անտարկտիդայում կետերի որսը վերսկսելու Ճապոնիայի որոշումը՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք կտրականապես դեմ ենք»,- նախարարի հայտարարությունը մեջբերում է «Կիոդո» գործակալությունը: Հանթն անընդունելի է համարում «կետերի սպանությունը «գիտական նպատակով»»:
Ուրբաթ օրը Ճապոնիայի ձկնային տնտեսության գործակալությունը Միջազգային հանձնաժողովին ներկայացրել է ծրագիր՝ կետերին գիտական նպատակով որսալու հիմնավորմամբ, որտեղ, ճապոնական կողմի կարծիքով, հաշվի են առնված հանձնաժողովի և Հաագայի դատարանի բոլոր նկատողությունները: Սպասվում է, որ կետերի ճապոնական որսորդները արդեն հաջորդ շաբաթ դուրս կգան ծով, որպեսզի Անտարկտիդայում վերսկսեն դրանց որսը:
2014 թվականի մարտին Հաագայի դատարանը որոշում է կայացրել Անտարկտիդայում կետորսությունը արգելելու վերաբերյալ: