Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միմյանց հետևից տարբեր երկրներից իր դեսպաններին հետ կանչելու Թուրքիայի ժեստը տևեց 4 ամիս։ Մասնավորապես, երեկ իր գործառույթներն է վերսկսել կատարել Լյուքսեմբուրգում Թուրքիայի դեսպան Լևենթ Շահինքայան։
Ընդգծվում է, որ Լյուքսեմբուրգում Թուրքիայի դեսպանի վերադառնալու հարցը որոշվել է Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի կողմից Լյուքսեմբուրգ կատարած կարճատև այցի ժամանակ։ Հաշված օրեր են մնում Վատիկանում, Բրազիլիայում ու Ավստրիայում Թուրքիայի դեսպանների վերադառնալուն։ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ու որոշումների ընդունումից հետո Թուրքիան հետ էր կանչել այդ երկրներից իր դեսպաններին։