«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի սահմանակետում:
Մաքսային աշխատակիցներն ու քաղաքացիները վիճել են միմյանց հետ: Բանը հասել է փոխադարձ հայհոյանքների ու քաշքշուկի, նաև՝ հարվածների:
Ըստ ականատեսի՝ Բագրատաշենի մաքսակետի մաքսային ուղեփակոցը հատելուց հետո, երբ զննություն կատարելու նպատակով մաքսային աշխատակիցները կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, վարորդն ու ուղևորը զննության ընթացքում մաքսատան աշխատակիցների հետ սկսել են վիճաբանել: Իրավիճակը թեժացել է՝ նրանք սկսել են քաշքշել միմյանց ու հայհոյել: Կողմերին հաջողվել է բաժանել ոստիկանների միջամտությունից հետո:
Վիճաբանության մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ոստիկանությունից չհերքեցին, որ միջադեպ է եղել ու բերման ենթարկված անձինք կան: