«Ոստիկանական համակարգում քարացած ու անշարժ ոչինչ չկա, և համապատասխան աշխատանքների վերլուծության, ուսումնասիրության և գնահատման արդյունքում կայացվել է կոնկրետ պաշտոնյային զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում, իսկ մնացածը ենթադրությունների ոլորտից է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով օրերս Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանի ազատմանը, որի անունը մշտապես կապվում էր կոռուպցիոն սկանդալների հետ:
Մեր հարցին՝ ի՞նչ հարցում է թերացել Մկրտումյանը, Պողոսյանը պատասխանեց. «Այո, կային նաև թերացումներ, և այդ պահին որոշում է կայացվել: Վաղը իրեն մեկ այլ ծառայությունում կօգտագործենք, թե ոչ՝ համապատասխան որոշում կլինի, դուք կիմանաք»:
Հիշեցնենք, որ Ռոմիկ Մկրտումյանը զբաղեցրած պաշտոնից ազատվեց ապրիլի 7-ին: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա ազատվել է որոշակի չարաշահումների համար: Մկրտումյանը համակարգում աշխատած տարիներին հասցրել էր լավ հարստանալ: Նրա գլխին վաղուց էին սև ամպեր կուտակվել, և ոստիկանապետը հարմար առիթի էր սպասում: