Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստվող Հայկական սփյուռքն այժմ էլ սկսել է հարվածել Թուրքիայի տնտեսական շահերին։ Այս մասին գրում է թուրքական լոբբիիստական TurkishNY կայքը։
Ինչպես հայտնի է, Կալիֆոռնիական Բերքլիի համալսարանի ուսանողական մարմինը միացել է հունվարին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողական խորհրդի հեղինակած բանաձևին, որով կոչ է արվում Թուրքիային զրկել 74 միլիոն դոլարի չափով Կալիֆոռնիական համալսարանի ներդրումներից՝ Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունը շարունակելու համար։
Թուրքական կայքը գրում է. «Հայկական սփյուռքը տգեղ արշավ է սկսել Թուրքիայի դեմ։ Իսկ Բերքլիի համալսարանը ծառայություն մատուցեց նրանց»։
Նշենք, որ սույն բանաձևն ընդունվել է Արևմտյան Ամերիկայում ՀԵԴ-ի (Հայ երիտասարդաց դաշնակցություն) գլխավորությամբ իրականացվող #DivestTurkey նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է ԱՄՆ-ի տարբեր պետական հաստատություններին կոչ անել դադարեցնել իրենց ներդրումները Թուրքիայում։