Tuesday, 14 05 2024
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է

«Պապ, լեզուս չի պտտվում, ես ինձ սպանելու եմ, վրես չլացես». Կորած հեռախոսի համար զինվորն ինքնասպանության է հասցվել

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Շմավոն Կուրեխյանի և մյուսների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ:

Դատավճռով հաստատված է գնահատվել, որ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 16-ի սահմաններում շարքային Պարույր Մկրտչյանը գումարտակի ընդհանուր տողանից առաջ իրեն պատկանող «Սամսունգ» հեռախոսը թաքցրել է:

Տողանի ավարտից հետո նույն վաշտի օրապահ Բաբախանյանը թաքցրած տեղից վերցրել է Մկրտչյանի հեռախոսը:

Երբ Պարույր Մկրտչյանը պարզել է, որ հեռախոսը չկա, ենթադրել է, որ գողացել են: Նա հայհոյել է գողացողի հասցեին, օրապահներ Սարգսյանին ու Բաբախանյանին է հարցրել: Վերջինս, հեռախոսը գրպանում թաքցնելով, ասել է, թե տեղեկություն չունի:
Հեռախոսի կորչելու մասին իմացել է շարքային Շմավոն Կուրեխյանը:

Նա Պարույրից ճշտել է, թե ովքեր են եղել օրապահները, և ենթադրել է, թե հեռախոսը գողացել է շարքային Վանիչկա Հովակիմյանը:
Շմավոնն ու Պարույրը իրենց կասկածները հայտնել են Վանիչկային:

Զինվորը հերքել է հեռախոս գողանալու հանգամանքը: Սակայն Շմավոն Կուրեխյանն ու Պարույր Մկրտչյանը նրան չեն հավատացել, հայհոյանքներով պահանջել են վերադարձնել հեռախոսը:

Հեռախոսի գողությունն ընդունել տալու, այն վերադարձնելու նպատակով Վանիչկային կանչել են վաշտի պահասենյակ:

Ժամը 17-ի սահմաններում, ըստ դատավճռի, վաշտի հրամանատար, կապիտան Արման Մուրադյանը պահասենյակի բանալին տվել է շարքային Սումբաթյանին՝ այնտեղից զենք մաքրելու շոր վերցնելու համար:

Երբ Սումբաթյանը բացել է պահասենյակի դուռը, Կուրեխյանը ներս է մտել, Սումբաթյանից պահանջել դուռը չփակել ու հեռանալ՝ հայտնելով, թե պահասենյակ է գալու Վանիչկա Հովակիմյանը:
Երբ Վանիչկան պահասենյակ է գնացել, Շմավոնն ու Պարույրը նրան մեղադրել են հեռախոս գողանալու համար, հայհոյելով պարտադրել են համազգեստը հանել:

Շմավոնի կանչով եկած շարքային Սիս Գևորգյանը ստուգել է Վանիչկայի ուսապարկը: Հեռախոսը, բնականաբար, չեն գտել:
Պարույրը, իմանալով, որ Վանիչկան սեր ունի զենքերը դասավորելու հետ, ենթադրել է, թե նա հեռախոսը պահած կլինի զինանոցում: Գնացել է զինանոց, փնտրել է հեռախոսը:

Վաշտի հրամանատար Արման Մուրադյանը հետաքրքրվել է, թե Պարույրն ի՞նչ է անում զինանոցում: Վերջինս պատասխանել է, թե հեռախոսը գողացել են, կասկածում է Վանիչկային, կարծում է, թե հեռախոսը կարող է թաքցված լինել զինանոցում:

Արման Մուրադյանը պահանջել է, որ Պարույրը հեռանա զինանոցից:

Տասը րոպե անց, ըստ դատավճռի, հերթով հրամանատար Մուրադյանի մոտ են մտել շարքայիններ Արայիկ Մկրտչյանը, Շմավոն Կուրեխյանն ու Պարույր Մկրտչյանը, ասել են, թե Վանիչկային են կասկածում հեռախոս գողանալու համար:

Պարույր Մկրտչյանը հայտարարել է. «Էսօր վաշտից տռուպ ա լինելու»:

Շմավոնն էլ պնդել է, թե Վանիչկան, իր համոզմամբ, նախկինում էլ է հեռախոսներ գողացել:

Արման Մուրադյանը, ըստ դատավճռի, լինելով պաշտոնատար անձ, իրազեկվելով, որ զինծառայողներ Վանիչկա Հովակիմյանի և Պարույր Մկրտչյանի ու Շմավոն Կուրեխյանի միջև ոչ կանոնագրքային հարաբերություններ են տեղի ունենում, կարգապահական իրավունք կիրառելու, կարգուկանոն հաստատելու, վերադաս հրամանատարությանը զեկուցելու փոխարեն դրսևորել է իշխանության անգործություն… չի կանչել Վանիչկա Հովակիմյանին ու անձամբ չի փորձել պարզել հեռախոսի գողության հանգամանքը, կանխել զարգացող իրադարձությունները… գնացել է թեյարան ու վերադարձել է գումարտակի հրամանատարի տեղակալի կանչելուց հետո…
Արման Մուրադյանի հետ խոսելուց հետո Շմավոն Կուրեխյանը, ըստ դատավճռի, Վանիչկային նորից կանչել է պահասենյակ: Պարույր Մկրտչյանի հետ միասին, այլ զինվորների ներկայությամբ նա շարունակել է մեղադրել Վանիչկա Հովակիմյանին հեռախոսի գողության համար:

Պարույրը Վանիչկա Հովակիմյանի նկատմամբ բռնություն է գործադրել՝ օձիքից քաշքշել է, հարվածել է դեմքին, սպառնացել է անբարենպաստ հետևանքներով, պահանջել է, որ հեռախոսը վերադարձվի մինչև ժամը 19-ը: Իսկ չվերադարձնելու դեպքում սպառնացել է հետագա ծառայության ընթացքում փոխել Հովակիմյանի կարգավիճակը անձնակազմի շրջապատում, հայտարարել է, թե «փչացնելու է» նրան:

Շմավոն Կուրեխյանն իր հերթին սպառնացել է Հովակիմյանին, իր զենքը տվել է, որ նա մաքրի՝ հայտարարելով, որ եթե մաս կորչի, նրան է կասկածելու:

Վանիչկա Հովակիմյանը շարունակել է հերքել, թե հեռախոս է գողացել, երդվել է, բայց Պարույրն ու Շմավոնը պնդել են, թե հենց նա է գողացել:

Շմավոնը գողացված հեռախոսի համար Վանիչկայից պահանջել է 30 հազար դրամ, պահանջել է, որ նա զանգի ծնողներին, նրանցից գումար ուզի:

Վանիչկան հրաժարվել է: Շմավոնը պահանջել է, որ Վանիչկան 30 հազար դրամը բերի մինչև դեկտեմբերի 15-ը, սպառնացել է, թե հակառակ դեպքում զորքի դիմաց «փչացնելու է» նրան:

Նարեկ Միտոյանը, ըստ դատավճռի, լինելով օրվա վերակարգում՝ որպես վաշտի հերթապահ, պահասենյակում ականատես լինելով Վանիչկա Հովակիմյանի նկատմամբ Պարույրի ու Շմավոնի ծաղրուծանակին, անմիջապես չի զեկուցել վերադաս հրամանատարությանը:

Ժամը 18-ին Վանիչկա Հովակիմյանը Պարույրի ու Շմավոնի գործողությունների հետևանքով գտնվելով խիստ լարված հոգեվիճակում, մոտեցել է օրապահին, խնդրել է նրա բջջային հեռախոսը, զանգել է հորը և ասել է. «Պապ, չեմ կարա ասեմ, լեզուս չի պտտվում, ես ինձ սպանելու եմ, վրես չլացես»:
Հետո անմիջապես վերադարձրել է հեռախոսը, մտել է զորանոց, խնդրել է, որ շարքային Համբարձում Մարտիրոսյանը իր հետևից փակի զորանոցի դուռը: Վերջինս դրսից փակել է դուռը:

Զինանոցում Վանիչկա Հովակիմյանը շտրիխ-մարկերով զինապահարանի աջ փեղկի վրա կատարել է գրառում. «Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ»:

Ապա Շմավոն Կուրեխյանի ինքնաձիգից մեկ կրակոց է արձակել իր կզակային շրջանին ու ինքնասպան է եղել:

Ընդհանուր իրավասության դատարանը Շմավոն Կուրեխյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով և 182 հոդվածի 1-ինմ մասով ու վերջնական պատիժ է սահմանել 7 տարի ազատազրկումը:

Պարույր Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել 5 տարի 6 ամիս ազատազրկման:

Արման Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել 3 տարի ազատազրկման:

Նարեկ Միտոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 368 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել 6 ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելուն, կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել 1 տարի փորձաշրջան:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել դատավարության բոլոր կողմերը:

Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով իր բերած բողոքը՝ Պարույր Մկրտչյանի շահերի պաշտպանն ասաց, թե իր պաշտպանյալը միայն բռնել է տուժող Վանիչկայի օձիքից, թափահարել ու ասել է՝ եթե դու ես վերցրել հեռախոսը, տուր, վերջացնենք: Նա Վանիչկային չի նվաստացրել, չի հայհոյել, չի հարվածել ու չի սպառնացել:

Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն զինծառայողի վրա, ով իրականում վերցրել էր Պարույրի հեռախոսը: Նա, տեսնելով, որ իր կատարածի համար Վանիչկային են նեղում, ձայն չի հանել, իսկ Վանիչկայի ինքնասպանությունից հետո հեռախոսից թաքուն ազատվել է: Պաշտպանն ասաց, թե զարմանում է, որ նման մարդու ցուցմունքներին դատարանը ապացուցողական նշանակություն է տվել:

Մեկ այլ զինծառայող՝ Սիսը, պարզվել է, որ սահմանափակումով է զորակոչված: Բայց նրա ցուցմունքները ևս դրված են ապացույցների շարքում:

Պաշտպանի կարծիքով այդ ցուցմունքները հարկավոր էր անթույլատրելի ապացույց ճանաչել:

Անթույլատրելի ապացույց է նաև, ըստ պաշտպանի, հետմահու դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը, որովհետև փորձագետներին, իր կարծիքով, չապացուցված ելակետային տվյալներ են ներկայացվել նախաքննական մարմնի կողմից:

Եվ փորձագետները ոչ իրական տվյալների հիման վրա են եզրակացրել, թե Պարույր Մկրտչյանի գործողությունների ու տուժող Վանիչկայի ինքնասպանության միջև պատճառահետևանքային կապ կա:

Պաշտպանը պնդեց, թե նախաքննությամբ ու ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությամբ չի պարզվել իր պաշտպանյալին մեղսագրված արարքի շարժառիթը:

Կորած հեռախոսը փնտրելով՝ Մկրտչյանը չի ցանկացել մյուս զինծառայողների նկատմամբ իր գերակայությունն ապացուցել:

Պաշտպանն ասաց, թե Պարույր Մկրտչյանը «բացառիկ դրական» զինծառայող է եղել: Իրեն մեղսագրված արարքը նա չի կատարել:
Եթե վերաքննիչ դատարանը կհամարի, որ Պարույրը այնուամենայնիվ, անօրինական պահվածք դրսևորել է, ապա թող ճիշտ որակում տա այդ արարքին:

Պաշտպանը նշեց, թե Պարույր Մկրտչյանի ծնողները հասարակ մարդիկ են, մեծ հնարավորություններ չունեն: Որդու համար հեռախոս գնելն ու նրան ուղարկելը հեշտ չի եղել նրանց համար, այդ պատճառով է Պարույրն այդպես նախանձախնդիր որոնել հեռախոսը:

Պաշտպանն ասաց. «Մեկ ուրիշի համար հեռախոսը կարող է ոչինչ չնշանակել, բայց Պարույրի համար դա ծնողների հետ կապ պահպանելու անհրաժեշտ միջոց էր՝ իմ խորին համոզմամբ…»:
Ավարտելով իր ելույթը՝ պաշտպանն ընդգծեց. «Եթե նպատակ ենք դրել մարդկանց պատժել պատժելու համար, ուրեմն հասել ենք այդ նպատակին: Բայց արդարադատության իրականացման դեպքում հարկավոր է թացը չորից տարբերակել…»:

Պաշտպանը հայտնեց, թե հավատում է վերաքննիչ քրեական դատարանի «կոմպետենտությանը», վերաքննիչը, իր կարծիքով՝ ճիշտ կորակի՝ եթե Պարույր Մկրտչյանը հանցավոր արարք է կատարել, կամ կարձանագրի «հանցանքի չկատարում»:

Ասել կուզի՝ պաշտպանը պահանջում էր կամ իր պաշտպանյալի արդարացում կամ արարքի վերաորակում ավելի մեղմ հանցատեսակով:

Ամբաստանյալ Պարույր Մկրտչյանը միացավ իր պաշտպանին: Նա պնդեց. «Վանիչկային չենք նեղացրել, չենք նսեմացրել… տղերքի խոսակցություն ա եղել… Օձիքից քաշելը դժվար թե ինձ մեղսագրված արարքը լինի…»:

Շմավոն Կուրեխյանի շահերի պաշտպանն ասաց, թե ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն իր համոզմամբ անհիմն է ու անարդարացի: Շմավոնը, ըստ պաշտպանի, կարող էր և չծառայել, բայց կամովին գնացել ու ծառայել է Հայրենիքին: Նա շատ լավ դաստիարակություն է ստացել, նրա ընտանիքից հնարավոր չէ, որ հանցագործ դուրս գար:

Շմավոնին բնութագրել են որպես սկզբունքային, շիտակ մարդու: Բայց, պաշտպանի կարծիքով, հենց սկզբունքային լինելն է առիթ դարձել նրան հանցանք վերագրելուն: Իսկ եթե նա այնքան բացասական անձնավորություն է եղել, ինչպիսին փորձել են ներկայացնել, ապա ինչո՞ւ են նրան զենք տրամադրել:

Պաշտպանի կարծիքով՝ հիմքեր չկային, որ Շմավոնն այդքան նախանձախնդրություն դրսևորեր ուրիշի կորած հեռախոսը գտնելու հարցում, մանավանդ, որ Վանիչկայի ու իր մայրերը համագյուղացի, նույնիսկ հեռավոր բարեկամներ են:

Պաշտպանը պնդեց՝ եթե անգամ ընկերոջ կորած հեռախոսը գտնելու համար Շմավոնը որոշակի ակտիվություն է դրսևորել, դա չի եղել մեղսագրված արարքը: Չկա ապացույց, որը կհաստատի, թե Վանիչկայի շորերը հանել են տվել, ուսապարկն են ստուգել կամ ֆիզիկական բռնություն են գործադրել:

Պաշտպանն ասաց, թե դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննությունը կատարած փորձագետները չեն անդրադարձել մինչև դեպքը տուժողի հոգեվիճակին: Նախաքննական ցուցմունքներ կան, որ նա «չնչին բանից շուտ նեղվող… մեկուսի… ինքնամփոփ» երիտասարդ է եղել:

Պաշտպանը նշեց՝ եթե Վանիչկայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրեին, նա, զենքը ձեռքին ունենալով, կցանկանար վրեժխնդիր լինել, վնասել իրեն նեղացնողներին, այլ ոչ թե ինքնասպան լինել:

Վանիչկան երեք փամփուշտ է ունեցել: Նա, ըստ երևույթին, դրանք «տնտեսել է» մարտական վարժանքների ժամանակ: Բայց եթե «տնտեսել է», ուրեմն որոշակի նպատակ է ունեցել: Նա սեր է ունեցել զենքերի հանդեպ…

Ասել են, թե Ռուսաստանում էլ սիրած աղջիկ է ունեցել: Միգուցե աղջկա հետ կապված խնդիր է եղել՝ նախաքննական մարմինը չի պարզել: Դրան ավելացել են գողության անհիմն կասկածները, հետո հեռախոսային խոսակցությունը հոր հետ… Եվ զինվորը ինքնասպան է եղել…

Պաշտպանն ասաց, թե նման կենցաղային վեճերի պարզաբանումներ զինվորները հաճախ են կատարում, բայց ինքնասպանություններով դրանք չեն ավարտվում:

Ըստ պաշտպանի՝ կատարվածը չպետք է դիտարկվեր որպես զինվորական հանցագործություն, քանի որ զինվորական ծառայության իրականացման կարգի դեմ չէր ուղղված, սա քաղաքացիական, կենցաղային խնդրի հետ կապված վեճ է, պետք է այլ որակում ստանար:

«Գերակա շարժառիթը պետք է որոշվի, հետո կատարվի արարքի որակումը»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանը միջնորդեց մեղսագրված արարքի համար արդարացնել իր պաշտպանյալին, ճանաչել անպարտ կամ՝ վերաորակել արարքը, ճիշտ որակում կատարել:

Պաշտպանի այս երկրորդ մոտեցումը նախ ընդգրկված չէր նրա վերաքննիչ բողոքում, հետևաբար վերաքննիչ դատարանն այն դիտարկել չի կարող, բացի այդ, պարզվեց, որ արարքի վերաորակման պահանջը համաձայնեցված չէ ամբաստանյալ Կուրեխյանի հետ:

Վերջինս միացավ միայն պաշտպանի առաջին պահանջին. «Ես էդ գործողությունների հետ ոչ մի կապ չեմ ունեցել: Միայն արդարացում եմ պահանջում, ուրիշ ոչ մի բան: Անիմաստ տեղը 7 տարի են տվել: Ոչ մի հիմնավոր բան, փաստ չկա: Փաստ լիներ, մի բան էլ արած լինեի, կասեի՝ մեղավոր եմ, բայց ես մեղավոր չեմ…»:

Շմավոն Կուրեխյանն ասաց, թե պահանջել է, որ իր հեռախոսային վերծանումները հանեն ու ստուգեն: Դեպքի պահին ինքը հեռախոսով խոսել է. «Ես տեղյակ չեմ եղել էդ գործողություններից, հեռախոսով խոսելով՝ հելել եմ, ֆռռացել եմ…»:

Դատավորները հետաքրքրվեցին՝ վկաների ցուցմունքներ կան, թե նա ներկա է եղել տուժողին նեղելու ժամանակ: Շմավոնն ասաց. «Ես ներկա չեմ եղել, ոչինչ չեմ արել: Շառ են արել: Նրանք իմ թշնամիները չեն, իմ համածառայողներն են… Այո, 23 հոգի իմ դեմ ցուցմունքներ է տվել: Սաղի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ եղել, բայց դուրս ա գալիս, որ բոլորն ինձ զրպարտել են… 1 տարի ա՝ մտածում եմ ու պատասխանը չեմ գտնում, թե՝ ինչու…»:

Մեղադրողի վերաքննիչ բողոքը վերաբերում էր Նարեկ Միտոյանի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կիրառած պայմանական դատապարտությանը:

Ըստ դատախազի՝ քանի որ Նարեկն իրեն մեղավոր չէր ճանաչել, ուրեմն նրա ուղղվելը առանց իրական պատիժ կրելու կարող է անհնար լինել:

Մեղադրողը դատարանի հարցին պատասխանեց, որ մանրամասն ցուցմունքներ տված Նարեկը եթե իրեն մեղավոր ճանաչի, ապա ինքը՝ դատախազը, կփոխի դիրքորոշումը և չի բողոքի պայմանական դատապարտության կիրառման դեմ:

Միտոյանը զինվորական ծառայությունն ավարտել է: Ըստ դատավճռի՝ եթե պայմանականը հանվի, ապա նա վեց ամիս պետք է անցկացնի կարգապահական գումարտակում:
Հանգամանալից վերաքննիչ բողոք ներկայացրեց Արման Մուրադյանի շահերի պաշտպանը:

Կապիտան Արման Մուրադյանը վաշտի հրամանատարն է եղել: Բայց, պաշտպանի պնդմամբ, գործի քննության ընթացքում ի հայտ չի բերվել վաշտի հրամանատարի գործողությունների և կատարված դեպքի միջև: Արդյո՞ք զինվորի հեռախոսի կորուստը, դրա որոնումների շուրջ պարզաբանումները ոչ կանոնագրքային հարաբերություններ են:

Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը տեղյակ չի եղել զինվորների վիճաբանության ու վաշտում առաջացած լարված մթնոլորտի մասին: Իսկ Վանիչկայի ինքնասպանությունից անմիջապես առաջ ու դրա պահին կապիտան Մուրադյանը զբաղված է եղել գումարտակի հրամանատարի տեղակալի հանձնարարությունը կատարելով, քանի որ դա աելի կարևոր է համարել:

Այն պահից, երբ Մուրադյանն իմացել է Պարույր Մկրտչյանի հեռախոսի կորչելու մասին, մինչև կրակոցի արձակումը՝ մոտ 30 րոպե է տևել՝ պնդեց պաշտպանը. 17-ն անց 30-ին կապիտանին հայտնել են հեռախոսի կորչելու մասին, իսկ 18-ն անց 8 րոպեին կատարվել է Վանիչկայի ինքնասպանությունը: Ինչպե՞ս կարող էր կապիտան Արման Մուրադյանն անհապաղ վերադասին զեկուցել զինվորների վիճաբանության մասին, երբ ինքը դեռ չէր պարզել, թե ինչ է կատարվել:

Պաշտպանը կապիտան Մուրադյանի ձերբակալությունը, ապա մեղադրվելը համարում է «իրավիճակային լուծում». դա արվել է ինքնասպան եղած զինվորի հոր բողոքների, պաշտպանության նախարարի մոտ ընդունելության գնալու պատճառով: Կատարվածի «թարմ տպավորության տակ» սպայական կազմի գործողություններին քննիչը տվել է «իրավիճակային լուծում»:

Մուրադյանին մեղադրանք առաջադրելով՝ քննիչը ձևակերպել է՝ ականատեսը մատնանշել է, թե կապիտան Մուրադյանը դրսևորել է իշխանության անգործություն: Բայց ո՞վ է այդ ականատեսը՝ հարց հնչեցրեց պաշտպանը: Դա պարզված չէ:

Երբ դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ պատճառահետևանքային կապ չի վերհանվել կապիտան Մուրադյանի գործողությունների և զինվորի ինքնասպանության միջև, քննիչը փոխել է մեղադրանքի ծավալը՝ կարծես վերոհիշյալ եզրակացությունը դիտելով որպես ցուցում:

Առաջադրված «անհասկանալի» մեղադրանքի համաձայն՝ Մուրադյանը չի խափանել զինվորների ոչ կանոնագրքային հարաբերությունները, չի հաստատել կարգուկանոն, անհապաղ չի զեկուցել վերադասին, և այս գործողությունները նյութական ծանր հետևանքներ են առաջացրել:

Քննիչը, որպես «ծանր հետևանքներ»՝ նշել է, որ Շմավոն Կուրեխյանն ու Պարույր Մկրտչյանը «հանցագործություն են կատարել», իսկ Վանիչկան ինքնասպան է եղել:

Պաշտպանն անհասկանալի համարեց՝ ինչպե՞ս է քննիչը դեռ գործի քննությունը չավարտած՝ որոշել, որ Կուրեխյանն ու Մկրտչյանը հանցագործություն են կատարել, և ո՞րն է Մուրադյանի գործողություններից առաջացած ծանր հետևանքը՝ Կուրեխյանի ու Մկրտչյանի հանցագործությո՞ւնը, թե՞ զինվորի ինքնասպանությունը:

Մուրադյանի մեղավորության հիմնավորում է համարվել այն, որ նա լսել է Պարույր Մկրտչյանի արտահայտությունը, թե վաշտում «տռուպ» են տալու:

Պաշտպանը նշեց, թե ապացուցված չէ՝ այդ արտահայտությունը Մուրադյանը ե՞րբ է լսել՝ Վանիչկայի ինքնասպանությունից առա՞ջ, թե՞ հետո: Կամ ընդհանրապես նման արտահայտություն իրո՞ք եղել է:

«Տռուպ տալ»՝ ըստ Պարույր Մկրտչյանի՝ նշանակել է, թե «մեկի գլուխը ջարդելու են», դա չի նշանակել, թե մեկը պետք է սպանվի:
Ինչպե՞ս կարող էր Մուրադյանը, եթե անգամ լսեր Պարույրի արտահայտությունը, ենթադրել, որ Վանիչկան ինքնասպան է լինելու: Եթե այդ մասին իմանար ինքը՝ Պարույրը, Վանիչկայից գուցե ոչինչ չպահանջեին:

Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալ Արման Մուրադյանը գյուղում ծնված-մեծացած տղա է: Նրա խնամքին են երկու մանկահասակ երեխաները, չաշխատող կինը, հիվանդ ծնողները:
Նա ամեն բան թողել, ընտանիքը վերցրել, գնացել է սահմանամերձ գյուղ ու ծառայել է այնտեղ, ապրել է հանրակացարանում: Ներկա պահին նրա կինն ու երեխաները կնոջ ծնողների տանն են, քանի դեռ Արմանը կալանքի տակ է:

Նարեկ Միտոյանին մեղադրել են ու դատապարտել, որ նա, օրապահ լինելով, վաշտում կատարվող անօրինության մասին չի զեկուցել իր վերադասին: Բայց նրա վերադասը կապիտան Մուրադյանն էր, ում Միտոյանն իրոք չի զեկուցել: Հետևաբար, ըստ պաշտպանի, Միտոյանի մեղադրանքը հերքում է Մուրադյանի մեղադրանքը:

Պաշտպանն անհամաձայնություն հայտնեց նաև ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտում քաղհայցի ու դատական ծախսերի բավարարման հետ՝ նշելով, թե անապահով ամբաստանյալից դատական ծախսեր բռնագանձելը օրինական չէ, իսկ քաղհայցի պահանջը տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացվել է մի քանի տողով ու առանց հիմնավորումների:
Պաշտպանը միջնորդեց Արման Մուրադյանի մասով գործի վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել:

Արման Մուրադյանն ասաց, թե կատարվածի համար ինքը մեղավոր չէ: Նախաքննության սկզբում իրեն մեղավոր է ճանաչել՝ բարոյապես ճնշված լինելով, իր վաշտի յուրաքանչյուր զինվորի կյանքի համար իր պատասխանատվությունը զգալով…

Դատարանի հարցին՝ ի՞նչ է արել վաշտի հրամանատարը, երբ իմացել է, որ զինվորի հեռախոսը կորել է, Արման Մուրադյանը պատասխանեց՝ ոչինչ: Նախագահողն էլ ասաց՝ դե քեզ հենց ոչինչ չանելու՝ իշխանության անգործության համար են մեղադրել…
Հաջորդ դատական նիստին կողմերը հանդես կգան բերված բողոքների դեմ առարկություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում