Երեքշաբթի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտին կից կբացվի միջազգային առաջնորդների ակադեմիա: Բացման հանդիսավոր արարողությունը կանցկացնի Էլիզաբեթ II թագուհին: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով ինստիտուտի մամլո ծառայությանը:
«Ինստիտուտը ստեղծել է ակադեմիա, որպեսզի աշխարհի ներկա և գալիք առաջնորդներին հնարավորություն տա ուսումնասիրելու այն գործիքները, որոնք նրանց կօգնեն ժամանակակից աշխարհի ծայրահեղ պայմաններում լուծել կառավարման հիմնական խնդիրները: Թագուհի Էլիզաբեթն ու Էդինբուրգի դուքս Ֆիլիպը ակադեմիան հանդիսավորապես կբացեն նոյեմբերի 18-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արարողության ընթացքում թագուհին աղյուս կհանի պատից, որը բաժանում է ինստիտուտը հարևան շենքից, որտեղ էլ գտնվում է ակադեմիան:
Ըստ կազմակերպիչների՝ դա կխորհրդանշի երկու շենքերի միավորումը:
Թագուհին կբացի նաև հուշատախտակ, ինչպես նաև կհանդիպի ինստիտուտի աշխատակիցների և հետազոտողների հետ: Ակադեմիան կկոչվի թագուհու պատվին՝ ի նշան ճանաչման 1952-ին միջազգային հարաբերությունների ինստիտուտի հիմնադրման մեջ նրա ունեցած դերի: