Friday, 26 04 2024
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

Ազատության հրապարակում տեղի ունեցողը շատ վատ և հիասթափեցնող թատրոն է

«Առաջին լրատվական» RealPolitik հաղորդաշարի հյուրն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

– Պարոն Կիրակոսյան, Վալդայան ակումբի ներկայացուցիչների առջև իր ելույթում Վլադիմիր Պուտինը սեփական աշխարհակարգը ստեղծելու հայտ ներկայացրեց: Սա կարելի է քննարկել ՌԴ-Արևմուտք հետագա հարաբերությունների տեսանկյունից, քանի որ Պուտինը նշեց «խաղի նոր կանոնների կամ խաղ առանց կանոնների», «համաշխարհային անարխիզմի» սկզբունքի մասին՝ ըստ էության սպառնալով ստեղծել անկառավարելի քաոս: Ի՞նչ եք մտածում այս մասին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիր պետք է լուծեն հետսովետական երկրները, հատկապես Հայաստանը, որը շատ սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ` մի փուլում, երբ նույնիսկ Արևմուտքն է զարմացած, թե ինչ է կատարվում պուտինյան Ռուսաստանի հետ:

– Ես կարծում եմ, որ այստեղ երկու կարևոր հանգամանք պետք է հասկանալ: Առաջին հերթին նախագահ Պուտինն, ինչպես ցանկացած քաղաքական առաջնորդ, իրավունք ունի նախագծել և բարձրաձայնել իր ռազմավարական տեսլականն ապագայի համար: Այնուամենայնիվ Պուտինի դեպքում տեսլականն ավելի շատ նման է մղձավանջային, հետադիմական սցենարի:

Շատ առումներով երկրորդ առանցքային զարգացումն այն է, որ նա իր նախազգուշացման մեջ խոսում է սանձարձակ, անարգել ազատության և ժողովրդավարության մասին, որն ուղղորդում է քաոսի, ինչը կարող է լավ լինել իր սեփական տեսլականի, իր սեփական երկրի՝ Ռուսաստանի համար: Բայց Պուտինն իրականում ի՞նչ իրավունք ունի կիրառել վերահսկելի կառավարման նման ռուսակենտրոն տեսլական հետսովետական տարածքում:

Նրա ելույթն իրենից պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում, որն ուղղված է Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը թուլացնելուն: Այս համատեքստում մենք տեսնում ենք ինչ-որ տեղ գլուխը խոնարհած, բայց ագրեսիվ դիրքորոշում ՌԴ նախագահի կողմից, որն ընթանում է Արևմուտքի հետ առճակատման ուղիով և ջղաձգելով հետսովետական տարածքը՝ այդպիսով սպառնալիքներ ու մարտահրավերներ է առաջացնում այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, որն այն երկաթե վարագույրի ետևում հայտնվելու վտանգի առջև է, որը Ռուսաստանը միտք ունի ստեղծել:

Որո՞նք պետք է լինեն Հայաստանի կողմից ձեռնարկվելիք քայլերը: Մենք պետք է սպասե՞նք, թե՞…

– Հայաստանը և Հայաստանի կառավարությունը չափազանց քիչ բան են անում սեփական անկախությունն ու ինքնիշխանությունն ամրացնելու ուղղությամբ: Այլ խոսքերով` Հայաստանի կառավարության ամենամեծ մեղավորությունն իր անունակությունն է Ռուսաստանի նախագահին նույնիսկ ոչ թե մարտահրավեր նետելու, այլ մարտահրավեր նետելու փորձ կատարելու հարցում: Հայաստանի ղեկավարությունը և պաշտոնյաները շատ հաճախ վախենում են նույնիսկ Մոսկվայից թույլտվություն խնդրել՝ իրականացնելով իրենց միակողմանի քայլերը: Բացի այդ, Հայաստանը ռազմավարական սխալ է գործում` շատ դեպքերում թերագնահատելով Հայաստանի արժեքը Ռուսաստանի համար և գերագնահատելով Ռուսաստանի արժեքը Հայաստանի համար: Իրականում խնդիրը պրոռուսական, պրոամերիկյան և պրոարևմտյան լինելու մասին չէ, այլ բավարար չափով հայամետ չլինելու:

Պուտինի ելույթը կարևոր էր հասկանալու համար նաև հետսովետական տարածքում տեղի ունեցող զարգացումները, երբ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Հայաստանն, առավել քան որևէ հետսովետական երկիր, չէր կարող հրաժարվել Ռուսաստանի առաջարկած պրոյեկտներից: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Հայաստանի առավել անվտանգ և ապահով դիրքն աշխարհում Ռուսաստանի նետած մարտահրավերների պայմաններում:

– Եկեք իրատեսական մոտենանք հարցին: Ռուսաստանը չափազանց կարևոր երկիր է Հայաստանի համար և միշտ այդպիսին կլինի: Սա այն հարաբերությունը չէ, որ պետք է քննադատվի և հարձակումների առարկա դառնա, խոսքը հարաբերությունների պայմանների, այն անարգանքի մասին է, որը ցուցաբերում է Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ, հավասարակշռության և համաչափության բացակայության մասին է, սա է սխալը հայ-ռուսական հարաբերություններում:

Նկատի ունեք Հայաստանի ինքնիշխանության բացակայությո՞ւնը:

– Իհարկե: Ես հասկանում եմ Ռուսաստանի սահմանապահների գոյությունը Հայաստանի որոշ սահմաններին, բայց Հայաստանն այն քիչ երկրներից է աշխարհում, որը հյուրընկալում է ռուսական ռազմաբազա և վայր է տրամադրում այդ ռազմաբազայի համար՝ չստանալով դրա դիմաց որևէ վարձավճար: Այսինքն՝ խոսքը հարաբերությունների պայմանների մասին է: Այն, ինչ պետք է անի ՀՀ կառավարությունը, հետևյալն է` դադարել կուրորեն հնազանդվել, ինչպես օրինակ` ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը Ղրիմի բռնակցման վերաբերյալ կամ վերջին զարգացումները` Ղրիմից Հայաստան չվերթները չեչենական ավիաուղիների կողմից: Այս ամենը մեզ համար վտանգավոր է, այս ամենի հետևանքով չի բացառվում, որ Հայաստանը հայտնվի պատմության սխալ կողմում:

Ավելին` անկանխատեսելի են այն քայլերը, որոնք իրականացվում են պաշտոնական Երևանի կողմից:

– Այո՛, եթե մենք կախված ենք Ռուսաստանից այդ աստիճան, իրական խնդիրը հետևյալն է, թե դեպի ո՞ւր է Պուտինը տանում իր սեփական ժողովրդին, իր սեփական երկիրը, որովհետև Հայաստանը դատապարտված է հետևել այդ ուղուն: Սա է իրական վտանգը:

– Երկու օր առաջ ԵՄ գագաթնաժողովը վերջնականապես հաստատեց 2014-2019թթ. Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը՝ Ժան Կլոդ Յունկերի գլխավորությամբ, որը կսկսի աշխատանքը նոյեմբերի 1-ից, սակայն եվրոպացի փորձագետները պնդում են, որ Յունկերի հանձնաժողովը չի կենտրոնանալու Արևելյան հարևանության քաղաքականության վրա: Այդուհանդերձ, նոյեմբերին Բրյուսելում հանդիպելու են ԵՄ և ՀՀ պատվիրակությունները, որի օրակարգում երկու փաթեթներ են. դրանցից մեկը ենթադրում է բարձր մակարդակի համագործակցություն՝ Ասոցացման համաձայնագրին հավասարազոր որևէ պայմանագիր ՀՀ-ի և ԵՄ-ի միջև, իսկ մյուսը՝ պարզապես ոլորտային համագործակցություն՝ ԵՄ կողմից թիրախային ֆինանսավորմամբ: Ըստ Ձեզ՝ ո՞ր փաթեթը կհաստատվի Հայաստանի համար և ո՞ր տարբերակը կարող է ընդունելի լինել երկու կողմերի համար աշխարհաքաղաքական այս զարգացումների՝ ՌԴ-ԵՄ առճակատման պայմաններում:

– ՀՀ-ԵՄ հարաբերությունները փրկելու անկեղծություն, հանձնառություն կա և ԵՄ, և ՀՀ կառավարության կողմից: Այնուամենայնիվ մենք այսօր աշխատում ենք ոչ Ասոցացման համաձայնագրի և ոչ էլ ոլորտային համագործակցության վրա, մենք աշխատում ենք հարաբերությունների իրավական նոր շրջանակի վրա, որի մի մասը կլինի ոլորտային աջակցությունը: Սա շատ կարևոր է ՀՀ կառավարության համար, քանի որ սա ենթադրում է ԵՄ ընդլայնված ֆինանսավորում հատուկ ոլորտներում, որտեղ ՀՀ կառավարությունը ունի մոտիվացիա, որովհետև կա ֆինանսավորում՝ անկախ կորսված Ասոցացման համաձայնագրից: Բացակայում է Ասոցացման համաձայնագրի ավելի լայն շրջանակն ու  Խորը և համախարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Թող այդպես լինի: Բարեբախտաբար, Հայաստանը կփրկի ԵՄ հետ հարաբերությունները և այս համատեքստում կփոխհատուցի ճնշումների արդյունքում ԵՏՄ-ին միանալու ցավոտ գործընթացի ծախսերը:

Սա նաև նշանակում է, որ Հայաստանն ապագայում պետք է կանգնի մի դժվար ընտրության առջև, քանի որ ԵՏՄ-ից ազատվելու ջանքերը ժամկետանց են. Հայաստանի տնտեսությունը կսկսի դանդաղ զարգանալ այս անդամակցության մաքսատուրքերի պատճառով, պետք է նաև հաշվի առնենք այն սահմանափակումները, որոնք կան ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների վերաբերյալ: Իրական գինը, ցավոտ գինը մենք դեռ զգալու ենք:

– Ի՞նչ կասեք Ռուսաստանի մասին:

– ԵՄ ներսում կա հանձնառություն Հայաստանի նկատմամբ՝ որպես «Արևելյան գորընկերությունե ծրագրի անդամ երկիր, բայց, ցավոք սրտի, երկրորդ մակարդակում՝ Ադրբեջանի և Բելառուսի հետ և ոչ Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի: Բայց Հայաստանին հասկանալու հանձնառություն կա՝ անկախ Ռուսաստանի գործոնից:

Այնուամենայնիվ ԵՄ-ն պահպանեց Հայաստանի ֆինանսավորումը 2014-2017թթ. համար, թեև Դուք մտածում եք, որ մենք գտնվում ենք երկրորդ մակարդակում:

– Այո, մենք այդտեղ ենք: «Արևելյան գործընկերությունըե բաղկացած է 6 անդամ երկրներից, որոնցից յուրաքանչյուրին խոստացվել էր Ասոցացման համաձայնագիր: Հայաստանը, ցավոք, առաջինն էր, որ ասաց, թե չի ցանկանում Ասոցացման համաձայնագիրը, մնում են Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան, որոնք ընտրեցին ավելի արագ ուղի՝ ավելի մոտենալով Եվրոպային: Հայաստանը խրվել է, ինչպես Բելառուսն ու Ադրբեջանը:

Այդ դեպքում, որքանո՞վ է Հայաստանը կարևոր ԵՄ համար:

– Հետաքրքիր հարց է, որի պատասխանը հաղորդման խորագրում է ամրագրված. սա իրական՝ Ռեալպոլիտիկ է: Կա անհանգստություն Ուկրաինայի ապագայի հետ կապված, Ասոցացման համաձայնագիրն այդ պետության կողմից իրականացնելու հետ կապված, կա անհանգստություն Մոլդովայի նկատմամբ ռուսական հնարավոր ճնշումների առնչությամբ, Վրաստանի դեպքում ևս կան համաձայնագրի իրականացման հետ կապված որոշակի անհանգստություններ: Այնուամենայնիվ Հայաստանն անհրաժեշտ է ԵՄ-ին արևելյան գործընկերությունն ավելի կենսունակ դարձնելու համար:

Պարոն Կիրակոսյան, վերջերս կայացավ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի պաշտոնական այցն Ադրբեջան, որի շրջանակում անդրադարձ կատարվեց Ռուսաստան-Ադրբեջան զենքի գործարքներին, որոնք մինչև տարեվերջ կհասնեն 5 միլիարդ դոլարի: Մինչդեռ Արգենտինայում ամիսներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր մտահոգությունը հայտնեց ՌԴ կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի առնչությամբ: Բացի այդ, բրիտանական The Guardian-ն օրերս գրել էր, որ Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Ղրղըզստանում, Հայաստանում և Բելառուսում: Խոսակցություններ կան, որ Ռուսաստանը երկրորդ ռազմական բազան է տեղակայելու Հայաստանում: Ո՞րն է նման լայնածավալ և խորը ռազմական ներկայության ընդլայնման նպատակը:

– Ռուսաստանն այսօր Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառող ամենագլխավոր երկիրն է: Ցավալին այն է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկիր է, որն իրականացնում է երեսպաշտական քաղաքականություն՝ աջակցելով հակամարտության չկարգավորմանը: Ավելին՝ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ռազմավարական գործընկերություն, ուստի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը դաշնակցի պահվածք չէ: Բարեբախտաբար, կարծում եմ, որ շատերը ՀՀ պաշտպանության նախարարությունում հասկանում են, որ Ռուսաստանի քայլերն արդեն վաղուց բարեկամական չեն, ուստի անհրաժեշտ են քայլեր հավասարակշռության համար, անհրաժեշտ է մեծացնել գործընկերությունը ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և նույնիսկ Չինաստանի հետ՝ չհենվելով միայն Ռուսաստանի վրա:

Ի՞նչ կասեք հնարավոր երկրորդ ռազմաբազայի մասին:

– Նրանք արդեն ունեն երկրորդ ռազմաբազա Երևանի ծայրամասում, բացի Գյումրիից, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը կորցրել է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը Ադրբեջանում, սա կարելի է համարել փոխհատուցում:

Որո՞նք են թիրախները:

– Ես կարծում եմ՝ թիրախն ընդհանրապես Արևմուտքն է, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, նպատակը նաև «Արևելյան գործընկերությանե ընդլայնման համար նոր խոչընդոտներ ստեղծելն է:

Վերջերս շատ է խոսվում ղարաբաղյան կարգավորման մեծ համաձայնագրի մասին: Մեկի մասին հիշատակում են ռուսներն ու ադրբեջացիները, մյուսի մասին, որպես փարիզյան առաջարկների փաթեթ, խոսում են արևմտյան փորձագետները, որը ներառում է կարգավորման ինչ-որ փուլում նաև հայ-թուրքական սահմանի ապաշրջափակում: Կարո՞ղ ենք փաստել, որ գոնե մասամբ ղարաբաղյան և հայ-թուրքական գործընթացները միախառնելու Թուրքիայի փորձերն այլևս իրականություն են, և ղարաբաղյան կարգավորում ասելով՝ պետք է նկատի ունենանք տարածաշրջանային աշխարհաքաղաքական շատ ավելի մեծ նշանակության հարցեր, քան սոսկ ղարաբաղյան խնդիրն է:

– Ոչ, ընդհակառակը: Ադրբեջանն իր դիվանագիտական ռազմավարությամբ, չլինելով ոչ դիվանագիտական, ոչ ռազմավարական մաքսիմալիստ, ցանկանում է ամեն ինչ, սա է ամենաէական խոչընդոտը՝ ոչ Թուրքիան, ոչ ՄԽ-ն, այլ Ադրբեջանը: Միևնույն ժամանակ, ամեն անգամ, երբ Թուրքիան փորձում է կապել ԼՂ հակամարտությունը և հայ-թուրքական կարգավորման գործընթացը, ձախողվում է: Ըստ իս՝ կարևոր է, որ Մոսկվայում, Վաշինգտոնում և Բրյուսելում քաղաքականությունը մնացել է նույնը, սա մի քաղաքականություն է, որը «ոչե է ասում այս երկու խնդիրներն իրար կապելու ցանկությանը: Ես չեմ տեսնում, որ դա հաջողվում է: Ես չեմ կարծում նաև, որ Թուրքիային պետք է թույլ տալ կապել այս երկու հարցերը:

– Այսպիսով, կարող ենք ասել, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը պետք է դիտարկվի, որպես ավելի մեծ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական կարևորության հարց, քան Ղարաբաղյան հարցը:

– ԼՂ-ն միշտ եղել է ու կլինի առանձնահատուկ հակամարտություն, որը կապ չունի այլ գործընթացների հետ: Չկա ուղիղ կապ Թուրքիայի ցանկությունների հետ: Եթե խոսքը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին է, ապա ԼՂ-ն տեղին է, բայց ոչ հայ-թուրքական հարաբերությունների դեպքում: Չպետք է երրորդ մասնակից լինի:

Որքանո՞վ է Երևանն ինքնիշխան այս գործընթացում, որքանո՞վ է Երևանը կախված Ռուսաստանի հետաքրքրություններից:

– Հստակ պատասխան դրան չկա: Եթե մենք գնահատենք իրավիճակը, ապա Հայաստանի սպասելիքների մեծ բեռն ընկնում է Թուրքիայի վրա՝ իր արտաքին քաղաքականության տեսանկյունից, իր աշխարհաքաղաքական կարևորության տեսանկյունից: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա եթե կարգավորումը վերսկսվի, ապա կպահանջվի, որ Ռուսաստանը թույլ տա վերսկսում: Անցյալում Ռուսաստանն աջակցում էր գործընթացին ընդհանրապես:

Դուք խոսում եք Ցյուրիխյան արձանագրությունների մասի՞ն:

– Այո: Ռուսաստանի տեսանկյունից կարգավորման վերսկսումը թույլ տալը Ռուսաստանի հետաքրքրույթունների շրջանակում է՝ երկու պատճառով: Առաջին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բաց սահմանը նպաստավոր է Ռուսաստանի համար, երկրորդ՝ բաց սահմանը կողջունվի Ռուսաստանի կողմից, որպես Վրաստանին մեկուսացնելու միջոց՝ թուլացնելով Վրաստանի նշանակությունը Հայաստանի համար:

Ի՞նչ կասեք Եվրասիական հեռանկարների մասին:

– Ռուսաստանն արդեն հաջողել է: Ռուսաստանը վերափոխում է հայ-թուրքական սահմանը՝ այն դարձնելով Թուրքիա-Եվրասիական տնտեսական միության սահման: Դա նշանակում է, որ ապագայում ԱՀԿ-ն կամ նոր ազատ առևտրի գոտու պայմանագրերի դեպքում որոշումներն այլևս չեն կայացվի Երևանում, այլ պետք է բանակցվեն ԵՏՄ հետ, այդ թվում՝ Բելառուսի և Ղազախստանի, որը էլ ավելի է բարդացնում Հայաստանի գործը՝ սպառնալով Հայաստանի անկախությանը:

Անդրադառնանք իրանական գործոնին: Իսլամական պետության և միջազգային հանրության հարաբերությունները դառնում են ավելի ու ավելի կանխատեսելի: Ո՞րն է Հայաստանը շահը, սերտ հարաբերությունները Իրանի հետ արդյոք շահավե՞տ են Հայաստանի արտաքին գործընկերների համար:

– Իրանը չափազանց կարևոր է Հայաստանի համար մի քանի պատճառներով: Սա շրջափակումը հաղթահարելու միակ ուղին է: Հայաստանի չորս սահմաններից միայն երկուսն են բաց, Իրանը երկրորդն է: Կարևոր է, որ պատժամիջոցները թուլանան: Եթե Իրանում արևմտյան ջանքերը շարունակեն հաջողություն արձանագրել, ապա Հայաստանն առանձնահատուկ դիրքում է՝ Իրանի միակ կայուն և բարեկամ հարևանն է: Հայաստանն ունի ներուժ՝ որպես հարթակ, որպես կամուրջ ծառայելու համար: Բայց այս հնարավորությունը Հայաստանն այս անգամ ևս բաց կթողնի, քանի որ սա իրականում կախված է նրանից, թե Ռուսաստանը որքան թույլ կտա խորացնել հարաբերություններն Իրանի հետ:

Ի՞նչ կարող եք ասել արևմտյան գործընկերների մասին:

– Տարիներ շարունակ ամերիկացիներն այլ կերպ էին դիտարկում այս ամենը: Հասկանալով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը Արևմուտքը ընդհանրապես կարող է օգտագործել Հայաստանը որպես միջոց իրանական շուկա մուտք գործելու համար: Հայաստանն ունի կիրթ ու էժան աշխատաշուկա իրանական շուկայի հիանալի սերտութամբ:

Ի՞նչ կշահի տարածաշրջանը հայ-իրանական սերտ համագործակցությունից, ինչպե՞ս և ինչ գործիքներով Իրանը կարող է ազդել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

– Առաջին և ամենակարևոր ձեռքբերումը: Աշխարհագրական քարտեզն արգելափակված է, բաժանված է Արևմուտքի և Արևելքի միջև: Հայ-իրանական հարաբերությունների խորացումը բեկում կբերի Հյուսիս-Հարավ միջանցքում, որը կհաղթահարի Հայաստանի կախվածությունը Վրաստանից և կթուլացնի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների կարևորությունը: ԼՂ հակամարտության տեսանկյունից Իրանը պետք է շատ ավելի ներգրավված լինի որպես խաղաղության և անվտանգության երաշխավոր: Փաստորեն Իրանը Հայաստանի բնական գործընկերն է Ադրբեջանի հետ պատերազմը հաղթահարելու և խաղաղության ու կայունության հաստատման ճանապարհին: Իրանը հասկանում է, որ Հայաստանը միակ կայուն երկիրն է տարածաշրջանում, միակ երկիրն է, որը խաղաղություն և կայունություն է ապահովում: Մյուս երկրները սպառնալիք են տարածում:

– Ի՞նչ կասեք իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին:

– Բարեբախտաբար, Իրանի և Ադրբեջանի միջև բարդ հարաբերությունները նշանակում են, որ Հայաստանը հարավից սպառնալիք չունի: Իրանն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանից, կա շիա-իսլամ մրցակցություն: Ակնհայտ է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունների ապագան մարտահրավերներով լի է:

Ի՞նչ կասեք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Թեհրանի ներգրավման մասին:

– 1990-ական թթ. ամերիկացիները ԵԱՀԿ Մինսկի խմբում կանոնավոր ներկայացնում էին իրանցիների դիրքորոշումը: Հիմա, երբ արևմտյան ներգրավվածությունն աշխատում է, մենք պետք է լայնացնենք խաղաղության ջատագովների մասնակցությունը: Իրանը բնական և ճանաչված խաղացող է:

Երևանը հավանաբար կարող է միջնորդել, որպեսզի Իրանն ավելի ու ավելի   ներգրավված լինի բանակցային գործընթացում:

– Այո, սակայն այս հնարավորությունը միգուցե բաց թողնվի, քանի որ ՀՀ ղեկավարությունը չի կարողանում օգտագործել նման հնարավորությունները: Նրանք ավելի լավ կարողանում են բաց թողնել հնարավորությունները:

Ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում:

– Ցավալի է, քանի որ Հայաստանի բնակչությունը ավելի լավին է արժանի: Քաղաքական դաշտն ավելի ու ավելի նեղանում է: Հայաստանը չունի կենսունակ ընդդիմություն, և փաստորեն, այսպես կոչված, ընդդիմությունն առաջնորդում են երեք ձիավորները, երեք կուսակցությունների կոալիցիան, որոնցից երկրորդ կուսակցությունը ԲՀԿ-ն է, որն ունի Բեռլուսկոնիի ոճի օլիգարխ ղեկավար, Հայաստանի ամենահարուստ անձանցից մեկը, երկրորդ՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, ով ստանձնել է անակնկալ ու բավականին վտանգավոր քաղաքական փոփոխություն՝ խաղալով Մոսկվայի համար:

Վտանգավոր ո՞ւմ համար:

– Վտանգավոր բոլորի համար: Վտանգավոր սեփական անձի և երկրի համար: Քաղաքական դաշտում մրցակցություն է ընթանում, թե ով կարող է ավելի հավատարիմ ծառայել Մոսկվային, ինչը ոչ այնքան ճիշտ քայլ է այս փուլում՝ հատկապես հետղրիմյան շրջանում: Երրորդ էլեմենտն ամենաթույլ էլեմենտն է՝ «Ժառանգությունե կուսակցությունը, որն ունի անհամաձայնություն ԵՏՄ վերաբերյալ, և որին այս կոալիցիայում կարելի է համարել ամենաանկեղծ ուժը:

Մենք վերջին ամիսներին ականատես ենք դարձել չափազանց հին, թարմությունը կորցրած տակտիկայի շրջանառության: Հանրահավաքները կորցրել են իրենց արժեքը: Մարդիկ դուրս են գալիս, կանգնում փողոցում, մի քանի ժամ անձրևի տակ, լսում ելույթներ՝ առանց քաղաքական այլընտրանքի, առանց որևէ քաղաքական ծրագրի, ապա տուն են գնում: Սա հոբբիի քաղաքականություն է, սովորույթի քաղաքականություն, քան պրոֆեսիոնալ քաղաքական արշավ: Ես կարծում եմ, որ Հայաստանի քվեարկողն ու բնակչությունն ավելիին է արժանի: Սա նշանակում է, որ նոր ընդդիմադիր ուժ պետք է ձևավորվի: Իրական փոփոխության քաղց կա:

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթների արտաքին սպառողներն ովքե՞ր են:

– Ես վստահ չեմ՝ դա նրա ինտելեկտուալ ո՞ճն է, թե՞ հռետորաբանությունը, ձախողում է թիրախների հարցում՝ և Հայաստանում, և դրսում: Մոսկվան և Ռուսաստանի դեսպանը վերջերս հստակ արտահայտվեցին, որ երջանիկ են, որ ընդդիմությունն իրենց հետ է, դեմ չէ ԵՏՄ-ին, բացի «Ժառանգությունե կուսակցությունից: Ակնհայտ է, որ ընդդիմությունը դարձել է սպառված կուրս:

Ի՞նչ սպառնալիք է այս ընդդիմությունը Սերժ Սարգսյանի համար:

– ՀՀ իշխանությունները բավականին հարմարավետ վիճակում են այս իմաստով: Փաստորեն, վերջին զարգացումները, Սյունիքի մարզպետի վերանշանակումը, որը վիճահարույց քայլ էր, Սերժ Սարգսյանի կողմից չափազանց մեծ վստահության մասին են խոսում: Նրանք տեսնում են նման ընդդիմություն և իրենց սեփական շահերն առաջ քաշում: Պարոն Ծառուկյանը հստակ ասաց, որ չի ներկայացնում ռեժիմի փոփոխության պահանջ, և սա, դժբախտաբար, նույն քաղաքական էլիտան է ձգտելով ավելի մեծ իշխանության և ավելի շատ գումարի: Միակ բացառությունը պարոն Հովհաննիսյանն է, ով երևի թե այլ ընտրություն չուներ, քան այս նախաձեռնությանը միանալը:

Որքա՞ն հեռուն կգնա Ծառուկյանը:

– Ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի դեպքում խոսքը ներքին բանակցությունների մասին է՝ իշխանությունում իրենց ազդեցության համար, ոչ ավելին:

Կարծում եք՝ բանակցություննե՞ր են վարվում Սերժ Սարգսյանի հետ:

– Դեռ ոչ, բայց այս ամենից հետո իրական բանակցությունները կսկսվեն:

Սերժ Սարգսյանը կօգտագործի՞ բանակցությունները սկսելու այդ հնարավորությունը:

– Ես կարծում եմ, որ պետք է սկսի, քանի որ դա խելացի քայլ կլինի նրա կողմից: Նա շատ լավ շախմատ խաղացող է, ինչպես շատերն են ասում, ուստի սա հաջորդ քայլն է:

– Լևոն Տեր-Պետրոսյանը կլինի՞…

– Նա այնուամենայնիվ դուրս կնետվի՝ կարծում եմ: Իրական գինը ԲՀԿ-ն է:

Այդ դեպքում ինչո՞ւ են Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը մնում եռյակում:

– Լևոն Տեր-Պետրոսյանը ռիսկային քաղաքական խաղացող է, որը կորցրել է իր նպատակները, Հովհաննիսյանի մասին…

Դուք մտածում եք, որ սա կորսվա՞ծ խաղ է:

– Այո, ես այդպես եմ մտածում, սա քաղաքական թատրոն է: Սա շատ վատ քաղաքական թատրոն է: Սա հիասթափեցնող է մի երկրի համար, որն ունի զարգացած թատերական արվեստ: Այն մարդիկ, ովքեր այս թատրոնի համար վճարում են, պետք է իրենց գումարները ետ վերցնեն:

Ի՞նչ քայլեր պետք է իրականացնի Սերժ Սարգսյանը, երբ ակնհայտ է, որ ապրիլին Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակեց նաև այն պատճառով, որ նա Ծառուկյանի խնամին է, սակայն ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը չկարողացավ Ծառուկյանին կանգնեցնել:

– Ես փոքր-ինչ այլ կերպ եմ տեսնում: Սա Ծառուկյանի մասին չէ, երբեք էլ այդպես չի եղել, ոչ էլ ԲՀԿ-ի մասին է, սա մի կուսակցություն է, որը մեկ այլ գործչի համար փոխադրամիջոց է: Խոսքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Հայաստանի քաղաքականությունը բաղկացած է երեք նախագահներից՝ առաջին, նախկին ու ներկայիս: Միևնույն ժամանակ ավելի մեծ խնդիր է այն, որ սա քաղաքական թատրոն չէ մեկ գործողությամբ, որի մեջ մենք ենք, սա վերջին սցենարն է, որում Սերժ Սարգսյանը վերջին մոհիկանն է, քաղաքական էլիտայի վերջին ներկայացուցիչը, որն իշխանության է եկել ԼՂ-ից և ԼՂ պատճառով: Մյուս քաղաքական էլիտան կլինի շատ տարբեր, չի լինի ԼՂ-ից, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կարևոր է այս անցումային շրջանը, թե ով կստանձնի Սերժ Սարգսյանի տեղը: Սա է իրական հարցը:

– Որքա՞ն կգոյատևի Հովիկ Աբրահամյանի կաբինետը:

– Ես շատ քննադատբար եմ տրամադրված, եթե դուք դա կոչում եք կաբինետ: Դա իրենից ներկայացնում է շատ հարուստ անձերի վերադարձ անցյալից, որոնք միավորվել են ամենահարուստ կաբինետում: Մենք տեսնում ենք իշխանության գերկենտրոնացում: Իրական մարտահրավերը վարչապետի համար, սիրենք, թե չսիրենք նրան, իր սեփական կաբինետում կարգապահություն հաստատելն է: Անկեղծ լինեմ, ես վատ եմ զգում վարչապետի համար, քանի որ նա սահմանափակված է կարևոր քաղաքական որոշումներով, որոնց մեծ մասը, համաձայն եմ, սխալ էին, բայց հանրայնորեն նվաստացված է՝ պահանջելով, որպեսզի օլիգարխներն ավելի շատ գումարներ վճարեն: Վարչապետը նշանակվել է նախագահի կողմից, որպեսզի ձախողվի: Սա շատ հարմարավետ է ապագայի համար: Փաստորեն հետսովետական երկրների համար հատկանշնական է, որ իշխանությունը կենտրոնացած է նախագահի նստավայրում, և բրգի վերևում նախագահն է, որը կառավարում է երկիրը անառողջ կերպով: Հովիկ Աբրահամյանի կենսունակությունը կախված է նախագահ Սարգսյանի որոշումից:

Ծառուկյանին գրպանում ունենալը նրան չի՞ օգնի այս հարցում:

– Ես այդպես չեմ մտածում:

Սերժ Սարգսյանը դեռ…

– Սերժ Սարգսյանը դեռ պատասխանատու է:

– Ի՞նչ կասեք սահմանադրական բարեփոխումների մասին: Ո՞րն է Ձեր տեսլականը:

– Մենք կրկին տեսնում ենք հստակության բացակայություն, տեսնում ենք ռազմավարական որոշման բացակայություն: Սա լավ հնարավորություն է   առաջացնել լուրջ խնդիրներ կառավարման համակարգում, բայց եթե մենք կարդանք բարեփոխումների հայեցակարգը, առաջարկվում են քայլեր, որոնք իրավիճակն ավելի կվատթարացնեն:

– Իսկ ինչո՞ւ է ընդդիմությունը դեմ դրան:

– Ընդդիմությունը դեմ է այն ամենին, ինչն իշխանությունն առաջ է քաշում: Եթե անձրև է գալիս, եթե կայծակ է խփում, դա իշխանության մեղքն է, ըստ ընդդիմության: Նրանք իրենց սեփական քաղաքականությունը չունեն առաջարկելու համար, սա է խնդիրը:

Ի՞նչ պետք է անեն մարգինալ համարվող ուժերը, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ ջղաձիգները:

– Համարձակություն է պետք ձևավորելու նոր քաղաքական ուժ: Հանրային տրանսպորտի գների թանկացման դեմ, քաղաքի հատակագծման վերաբերյալ եղավ հանրային ակտիվություն: Շատ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ քաղաքականացված չեն, նրանք չեն օգտագործվում որևէ քաղաքական ուժի կողմից, նրանք պետք է ավելի քաղաքականանան, ստեղծեն իրենց սեփական շարժումները: Կամ երևան կգան նոր առաջնորդներ՝ ինչպես Քաղաքացիական պայմանագիրը, Նիկոլ Փաշինյանը: Եթե նրանք պատրաստ լինեն՝ կլինի ավելի մեծ տարածք նոր ընդդիմադիր ուժի ձևավորման համար, նրանք կսկսեն բարձրաձայնել սոցիալ-տնտեսական խնդիրների մասին և կգան հստակ ծրագրով ու անելիքներով: Մարտահրավերն այն է՝ արդյո՞ք կարող են իրականացնել այս սպասելիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում