Հինգշաբթի օրը ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի խոշորագույն բանկերի բաժնետոմսերի և բանկային պարտավորությունների գնման արգելքի հնարավորությունը, գրում է The Financial Times-ը: Թերթի տեղեկացմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի պատրաստած և չորեքշաբթի երեկոյան ԵՄ անդամ երկրների կառավարություններին ուղարկված նյութերում:
Առաջարկվում է նաև ռուսական բանկերին արգելել ընդլայնել բորսային աճուրդի հանված արժեթղթերի ցուցակը, որպեսզի նրանք չկարողանան բաժնետոմսերի եվրոպական շուկաներն օգտագործել ոչեվրոպացի ներդրողների միջոցները ներգրավելու համար:
Նշվում է, որ առաջարկներում նախապես չկա ռուսական պետական պարտատոմսերի աճուրդների անցկացման արգելք, քանի որ մտավախություն կա, որ Մոսկվան ի պատասխան կդադարի գնել ԵՄ պետպարտքը:
Փաստաթղթում նաև առաջարկվում է սահմանափակել տեխնոլոգիաների արտահանումը, որոնք անհրաժեշտ են, մասնավորապես, Ռուսաստանի էներգետիկ ոլորտին: