Կալիֆոռնիա նահանգում անկարգություններ են սկսվել ոստիկանների կողմից Անահայամ քաղաքի երկու բնակիչների սպանությունից հետո: Ոստիկանությունը ձերբակալել է ամենաքիչը 24 մասնակցի: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Գրեթե 500 մարդ է մասնակցել զանգվածային բողոքի ակցիային: Դժգոհ բնակիչներն այրել են աղբամանները, քարեր և շշեր են նետել ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել, որպեսզի ցրեն ամբոխը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ` բողոքի ակցիաները շարունակվում են արդեն չորս օր:
Անցած շաբաթ՝ հուլիսի 21-ին, երկու ոստիկաններ ժամանել են քաղաքի թաղամասերից մեկը, այն բանից հետո, երբ հաղորդագրություն է ստացվել, որ այնտեղ երկու հոգի իրենց կասկածելի են պահում: Երբ այդ մարդկանցից մեկը փորձել է փախչել` ոստիկանները նրա վրա մի քանի անգամ կրակել են: Փամփուշտներից մեկը հայտնվել է նրա ոտքի մեջ, մյուսը` ծոծրակում: Նա մահացել է հրազենային վերքերից:
Մյուս միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 22-ին, երբ ոստիկանները նկատել են ենթադրյալ հանցագործների մի խումբ: Ոչ տևական հետապնդումից հետո ավտոմեքենայից երեք հոգի է դուրս եկել, որոնցից 21-ամյա Ջոել Մեթյու Ասևեդոն կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Պատասխան կրակոցների ժամանակ նա մահացել է:







































