Բիրմայի ընդդիմության ղեկավար Աուն Սան Սու Չժին կոչ է արել երկրի խորհրդարանի անդամներին օրենքներ ընդունել էթնիկ փոքրամասնությունների շահերը պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի խորհրդարանում իր առաջին ելույթի ժամանակ ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ նման օրենքների ընդունումը չափազանց կարևոր է, եթե Բիրման ցանկանում է դառնալ իսկապես ժողովրդավարական երկիր, որտեղ բոլորի համար կգործեն հավասար իրավունքներ:
Ներկայումս Բիրմայի որոշ շրջաններ ներգրավված են քաղաքացիական կոնֆլիկտի մեջ, մասնավորապես արևմտյան Ռակխայն նահանգը, որտեղ բախումները բուդդիստների ու մուսուլման փոքրամասնության միջև հանգեցրել են տասնյակ մարդկանց մահվան:
Աուն Սան Սու Չժին, որը գրեթե 20 տարի անցկացրել է տնային կալանքի տակ երկրի ռազմական իշխանություններին ընդդիմանալու համար, երկրի խորհրդարանում տեղ էր զբաղեցրել 2012 թ. ապրիլի ընտրությունների ժամանակ:






































