Վերջին 24 տարում առաջին անգամ Տոկիոյի Ուենո կենդանաբանական այգում անցած շաբաթ լույս աշխարհ եկած պանդան սատկել է: Պատճառը եղել է թոքերի բորբոքումը: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը՝ հղում անելով այգու տնօրինությանը:
Փոքրիկին հուլիսի 5-ին լույս աշխարհ էր բերել չինական Սին-Սին անվամբ հսկա պանդան: Փոքրիկն իրեն հիանալի է զգացել: Նրա ծնունդը երկրում իսկական տոն էր դարձել, ճապոնացիները նրա ծնունդը լավ նշան էին համարում և կանխատեսում, որ Ճապոնիայի գործերը լավ կընթանան: Սակայն այսօր առավոտյան նրան անշնչացած են գտել:
Սին-Սին արջը երկու անգամ եղել է ուժեղ երկրաշարժերի գոտում՝ առաջին անգամ հայրենիքի Սիչուան նահանգում 2008-ի մայիսին, իսկ 2011-ի մարտի 11-ին՝ Տոկիոյում:Այդ իսկ պատճառով Սին Սինին ճապոնացիներն անվանում են իրենց «հայրենակիցը» և նրա մասին արտահայտվում մեծ սիրով ու քնքշությամբ:









































